Խաչվերացից 14 օր հետո, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը նշվում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։
Այս տարի տոնը նշվել է հոկտեմբերի 1-ին: Էջմիածնից Նոր Վարագավանք է տարվել Սուրբ Խաչափայտի մասունքը:
Վարագա Սուրբ Խաչը ազգային տոն է։ Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ: Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները։
Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը, Հայաստանի տարբեր ծագերից ժամանում են ուխտավորներ՝ հաղորդվելու Տիրոջ կենարար Խաչափայտին և նորոգված ու այլակերպված վերադառնում են հայրենի շեներ և օջախներ։
Եկեղեցական ավանդության համաձայն՝ Դիողետիանոս (243-313 թթ.) կայսեր հալածանքներից խուսափելով՝ Ս. Հռիփսիմյանց կույսերը փախչում են Հայաստան: Կույսերից Ս. Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի Խաչափայտից մի մասունք:
Ս. Հռիփսիմեն Խաչափայտի մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում՝ վախենալով, որ այն կընկնի հեթանոսների ձեռքը:
653 թ. Վարագա լեռն իրենց ճգնության վայր են ընտրում Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը: Սուրբ Նշանը գտնելու փափագով նրանք խիստ ճգնությամբ, տասներկու օր ծոմ պահելով, արտասվելով և ջերմեռանդ աղոթքներով, Տիրոջից խնդրում են, որ իրենց արժանացնի տեսնելու և համբուրելու փափագելի Նշանը:
Լուսեղեն սյուները տասներկու օր երևում են Վարագա լեռան Գալիլիա կոչվող գագաթին այնպես, որ հեռավոր վայրերից ևս տեսանելի էին:
Ներսես Գ Տայեցի (Շինող) հայրապետը կարգ է սահմանում՝ ամեն տարի այդ օրը տոնել «Վարագա սուրբ խաչի տոնը»՝ Քրիստոսի և Նրա սուրբ Խաչի փառքի համար: Ապա տասներկու եկեղեցիներ են կառուցում՝ տասներկու լուսեղեն սյուների երևման տեղում, իսկ այն եկեղեցին, ուր եկավ և հանգեց սուրբ Նշանը, ընդարձակելով նորոգում են և տեղում վանք հիմնում: