Շոշափելով Մեծամորը

Շոշափելով Մեծամորը

2023-10-25T17:38:15+00:00 25/10/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Մեծամոր հնավայրի արհեստական պեղավայրում  Արարատի մարզի Մրգավետ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն են։ «Շոշափելի և վիրտուալ  Մեծամոր»  գիտակրթական ծրագրի  շրջանակում  աշակերտները  իրենց ձեռքով  պեղել, հայտնաբերել  են տարբեր առարկաներ, բացահայտել  են, թե ինչպես են մեր նախնիները ապրել, ինչ կենցաղային ու ծիսական առարկաներ են օգտագործել։  

Աշոտ Փիլիպոսյան (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)Սա եզակի կրթական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մատաղ սերնդին իր աչքով տեսնել, իր ձեռքով զգալ  մեր  նախնիների կյանքն ու կենցաղը, շոշափել նրանց բարձր մշակույթը։

Արհեստական պեղավայրի հարևանությամբ մետաղի ձուլման կետն էր։ Նետասլաք, ապարանջան, դաշույն աշակերտները իրենց ձեռքով են պատրաստել։

Ռիմա Մանուկյան (պատմություն առարկայի ուսուցչուհի) – Հայոց  պատմության, հնագիտության վերաբերյալ իմ գիտելիքները ես մեծ գիտնականից եմ ստացել և այսօր լավ առիթ է, որ նաև մեր աշակերտները հենց հազարամյակների պատմության այս կոթողում իրենց տեսական գիտելիքները նաև գործնականում են տեսնում ու կիրառում։

Հնավայրից թանգարան աշակերտները  շարունակել են ծանոթությունը Մերձավոր Արևելքի հայկական զարդի հետ։ Այն, ինչ պեղվել է Մեծամոր հնավայրի տարածքում, պահվում է թանգարանում։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը մրգավետցի աշակերտներին ծանոթացրել է «Մեծամոր»  պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարուստ ցուցադրությանը՝ խեցեղենից ոսկյա իրերի բացառիկ հավաքածու։

Ռիտա Ասատրյան աշակերտ  – Ինձ այնքան դուր եկավ Մեծամոր թանգարանն ու պեղումները, որ  չենք ցանկանում գնալ  այստեղից, նույնիսկ ցանկություն առաջացավ երկրորդ անգամ պեղումներին  մասնակցել, իհարկե շատ կցանկանայի իրական պեղումներ անել նաև հայտնի հնագետների հետ։

«Շոշափելի և վիրտուալ Մեծամոր»  կրթական ծրագրի ավարտին հնագետ Աշոտ Փիլիպոսյանը Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից Մրգավետ գյուղի դպրոցի Հայոց պատմություն առարկայի ուսուցչուհուն  նվիրեց  ՊՈԱԿ-ի հրատարակած Մեծամոր և Բջնի գիտահանրամատչելի գրքույկներ։

Վերջում ՝ Մեծամոր հնավայրի ֆոնին համատեղ լուսանկար է։

 

 

 

 

Կրթական ծրագրի մանրամասները  շուտով՝ «Արմա թիվիի» լուրերի  անդրադարձով։