ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը ստուգայց է կատարել Տավուշի մարզի Սրվեղի վանական համալիրի տարածքում։
Ստուգայցի ընթացքում «Պահպանության ծառայության» տնօրենին ուղեկցել են Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը և մարզային ծառայության աշխատակիցները։
Ուսումնասիրվել է XII-XIII դդ․ թվագրվող Սրվեղի վանական համալիրի պահպանական վիճակը։ Տեղում տրվել է հանձնարարականներ առավել հետևողական լինել միջնադարյան համալիրի պահպանությանը։
Այն բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի և տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով, որից մնացել են միայն հիմնապատերը:
Գլխավոր եկեղեցին Ս. Նշանն է՝ գմբեթավոր դահլիճի տիպի, արևելյան խորանով, կրկնահարկ զույգ ավանդատներով, սլացիկ, սրածայր վեղարով` պսակված բազմանիստ գմբեթով:
Առաջիկայում հուշարձանի տարածքում տեղադրվելու է տեղեկատվական վահանակ։