«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի մասնագետները դպրոցի 4-րդ դասարանների աշակերտների համար անցկացրել են գիտակրթական ծրագիր։ Երեք հանդիպման ընթացքում դպրոցի շուրջ 60 աշակերտ հնարավորություն է ստացել «շոշափել» «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ սեփական ձեռքերով։
Գիտակրթական ծրագրի ընթացքում երեխաները ծանոթացել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին, հարց ու պատասխանի միջոցով ամրապնդել գիտելիքները և անցել գործնական աշխատանքի։
Աշակերտները գունավորել են տաճարի ճարտարապետական բեկորները, կավից՝ պատրաստել տաճարի սյունները։
Դպրոցի 700 աշակերտից 70-ը Արցախից բռնի տեղահանվածներ են։ Ծրագրի նպատակն է՝ ինտեգրել երեխաներին և ծանոթացնել մայր Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։
«Համայնքային հուշարձանապահպանություն» գիտակրթական ծրագիրը կրում է շարունակական բնույթ Արցախից բռնի տեղահանված, ՀՀ մարզերի, ինչպես նաև հատուկ խնամքի կարիք ունեցող աշակերտների համար։