ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ

ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ

2013-08-28T11:44:40+00:00 12/06/2013|Տավուշի Հուշարձաններ|

ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ

Տավուշի մարզ
գ. Կիրանց
պետ. ցուցիչ` 10.39.11

Հուշարձանախումբը գտնվում է Կիրանց (նախկին Գետաշեն) գյուղից մոտ 12 կմ արևմուտք, համանուն վտակի ձախ ափին: Բաղկացած է երեք եկեղեցուց, գավիթ- սրահներից, սեղանատնից, բնակելի և օժանդակ շինություններից: Վանքը պարսպապատ է: Համարյա բոլոր վանքապատկան կառույցները աղյուսաշեն են (քարից են որմնախարիսխները, ծածկասալերը, առանձին մանրամասերը) և այդ տեսանկյունից Կիրանց վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից է:

Ըստ ծավալատարածական ձևերի, գեղարվեստական հարդարանքի` վանքը թվագրվում է XIII դ.:

Գլխավոր եկեղեցի -հատակագծում քառանկյուն, հորինվածքով գմբեթավոր, մեկ զույգ մույթերով, կիսաշրջանաձև արևելյան խորանով և զույգ երկհարկ ավանդատներով կառույց է: Ութանիստ բարձր թմբուկի նիստերը ծածկված են աստղի և շեղանկյուն ձևերի ջնարակված սալիկներով: Սրածայր վեղարով պսակված գմբեթը կրում են սլաքաձև կամարներով միացված մույթեր և ութ որմնամույթեր: Եկեղեցու պատերը ներսից սվաղված են կրաշաղախով, հարդարված են վրացատառ և հունատառ մակագրություններ ունեցող որմնանկարներով, ինչը վկայում է վանքի պատկանելությունը հայ քաղկեդոնականներին:

Կամարակապ լայն բացվածքով գավիթ-սրահները տեղադրված են արևմտյան և հարավային բուսական և երկրաչափական զարդաքանդակներով հարդարված մուտքերի առջև:

Գլխավոր եկեղեցու հյուսիսային և հարավային կողմերին կից գտնվում են ավելի փոքր չափերի, միանավ դահլիճի տիպի մյուս երկու եկեղեցիները:

Սեղանատուն-գտնվում է հուշարձանախմբից արևմուտք: Կառուցված է կիսամշակ բազալտից, հորինվածքով թաղածածկ, երեք թաղակիր կամարներով դահլիճի տիպի է, որի ներսի որմերը գլխավոր եկեղեցու նման սվաղված են կրաշաղախով և ծածկված որմնանկարներով:

Սեղանատան արևմտյան կողմում գտնվում են վանքապատկան մի քանի թաղակապ սենյակներ: Պահպանվել են նաև միաբանության խցերի մնացորդներ, գերեզմանատունը, կամարակապ մեծ դարպասով վանքի պարիսպը:

Հիմնական գրականություն

Էլլարյան Ի., Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձանները, Եր., 1980:
ՀՀՀ, հ. 2, Եր., 2003: