Սպանդարյան գյուղի մոտ, ժայռին փորագրված սեպագիր արձանագրությունը 7 տողից է: Տեքստը հաղորդում է Վանի թագավորության (Ուրարտու) տիրակալ Արգիշթի I-ի (մ․թ․ա․ 786 – 764 թթ․) կողմից Կուլիաինի երկրի և նրա կենտրոնական քաղաք Դուրուբանիի նվաճման մասին։ Կարծիք կա, որ Կուլիաինին Էրիախի երկրի (Շիրակ) մի մասն է հանդիսացել։
Սպանդարյան գյուղի տարածքում պարբերաբար հայտնաբերվող տարաժամանակյա հնագիտական հուշարձանները վկայում են, որ այդ շրջանը արդեն մ.թ.ա. III հազ. բնակեցված է եղել, մ.թ.ա. II-I հազ. ունեցել է կարևոր ռազմավարական դիրք ու տնտեսական նշանակություն, ուստի Վանի թագավորության տիրակալները պատահական չէ, որ մ.թ.ա. VIII դ. առաջին կեսին մի քանի արշավանքներ են կազմակերպել Շիրակի հարթավայրը (Էրիախի երկիրը) և մասնավորապես Կուլիաինին իրենց ռազմաքաղաքական գերիշխանության տակ առնելու համար:
Արձանագրության սեպագիր տեքստը հաղորդում է.
(Աստված) Խալդին արշավեց իր զենքով,
հպատակեցրեց Կուլիաինի երկիրը,
տարածեց Արգիշթիի առաջ:
Առաջնորդեց (նրան) (Աստված) Խալդին:
Արգիշթին ասում է.
Նվաճեցի (ես) Դուրուբանի (քաղաքը)
Կուլիաինի երկրի:
Օգտագործված գրականություն
- Գրեկյան Ե․ Հ․, Արգիշթի I արքայի գահակալության տարիների վերաթվագրության հարցի շուրջ․ ՊԲՀ․ 2016, 3 (203)․ Երևան, էջ 190։
- Арутюнян Н. В., Биайнили-Урарту. Военно-политическая история и вопросы топонимики. Санкт-Петербург. 2006. с. 155.
- Арутюнян Н. В., Корпус урартских клинообразных надписей․ Ереван․ 2001․ с. 202-203