Հոռոմայրի վանք (Վերին հուշարձանախումբ)

Հոռոմայրի վանք (Վերին հուշարձանախումբ)

Լոռու մարզի Օձուն գյուղից 1,5 կմ հարավարևելք գտնվում է Հոռոմայր վանական համալիը։  Բաղկացած է երկու հուշարձանախմբերից՝ Ներքին և Վերին: Ներքին հուշարձանախումբը տեղադրված է ժայռի տակ, Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին, Հոռոմայրի Վերին հուշարձանախումբը գտնվում է ձորաեզրին, բարձր սարահարթի վրա և տեղադրությանը համապատասխան կոչվել է նաև Ձորաեզրի վանք:

Հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ: Մատենագրության մեջ հիշատակվում է VIII դարից:

Հոռոմայրի Վերին հուշարձանախումբը կամ Ձորաեզրի վանքը բաղկացած է իրար կից երկու եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:

Հարավային եկեղեցին, որը հիշատակվում է նաև Ծիրանավոր Ս. Նշան անունով, կառուցվել է վանքի առաջնորդ, վանահայր Սամուելի և միաբանության կողմից, 1206 թ.: Հուշարձանախմբի հնագույն եկեղեցին է: Շինարարական արձանագրությունը պահպանվել է հյուսիսային մուտքի կիսակամար շրջանակի վրա: Թաղակապ ծածկով, միանավ բազիլիկ կառույց է: Արևելյան պատուհանի բարավորի վրա հիշատակվում է կառուցող վարպետի անունը՝ Գրիգոր քարգործ: Կառուցված է բազալտե կապտավուն սրբատաշ քարերով: Հուշարձանախմբի միակ եկեղեցին է, որի ծածկը համեմատաբար պահպանված է:

Հյուսիսային եկեղեցին կառուցվել է գավթի հետ միաժամանակ՝ XIII դ. կեսին: Միանավ, թաղակապ կառույց է: Մուտքը հյուսիսային կողմից է և բացվում է գավթի մեջ: Կառուցված է դեղնաշագանակագույն ֆելզիտով: Արևմտյան պատը դրսից պատված է խաչապատկերներով:

Գավիթը գտնվում է երկու եկեղեցիների արանքում: Գավիթը հյուսիսային եկեղեցու հետ միասին XIII դ. կեսին կցվել է հարավային եկեղեցուն: Այս հուշարձանախմբի առավել ուշագրավ կառույցն է: Գրեթե քառակուսի հատակագծով սրահ է՝ ծածկված անկյունագծային դասավորությամբ, փոխհատվող կամարներով ուժեղացված թաղով: Պահպանված է ծածկի միայն հյուսիսային հատվածը: Մուտքը արևմտյան կողմից է, բավական լայն է և եզերված է քանդակազարդ շրջանակով: Երկու եկեղեցիների մուտքերը գավթի կողմից են: Գավթի արևելյան ճակատը ամբողջությամբ ծածկված է խաչաքանդակներով: Կառուցված է ֆելզիտե սրբատաշ քարերով:

Հուշարձանախմբի արևմտյան կողմում միջնադարյան գերեզմանատունն է, որտեղ պահպանվել են արձանագիր խաչքարեր և տապանաքարեր:

 

 

Գրականություն

Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ 9, Երևան, 2012:

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Եր., 1986:

Մանուչարյան Ա., Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, «Պատմաբանասիրական հանդես», N 4, 1979: