«Շամիրամի բերդ» ամրոցը գտնվում է Կոտայքի մարզում Հատիս լեռան գագաթին, Զովաշենից 1,5 կմ արևմուտք։ Համաձայն կառուցման տեխնիկայի և հատակագծային լուծումների, թվագրվում է բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանով (Ք.ա. II-I հազ.):
Համալիրը բաղկացած է լեռան գագաթային մասը շրջապատող ամրաշինական պարսպապատերից և կենտրոնական մասում տեղակայված կառույցներից: Պարսպապատերն իրար զուգահեռ ձգվում են հյուսիս-հարավ ուղղվածությամբ։
Արևելյան պարսպապատն ունի 140 մ երկարություն, մոտ 4,5 մ լայնություն։ Այս պարսպապատի հարավային մասին կից է 5×6 մ չափերի աշտարակը, որից 12 մ հյուսիս պահպանվել են որմնահեցի մնացորդները՝ պատի 2 մ հաստությամբ։ Այս հատվածից 20 մ հյուսիս պահպանվել է 3 մ լայնությամբ մուտքը, որի երկու կողմում ևս երկու որմնահեցեր կան։
Արևմտյան պարսպապատն ունի 280 մ երկարություն, պատի արևելյան հատվածում տեղակայված են հնավայրի հիմնական կառույցները։ Պարսպաշարը կառուցված է խոշոր քարերից, պահպանվել է ավելի քան 10 շարք՝ մոտ 3 մ բարձրությամբ։ Արևմտյան պարսպաշարին կից առկա են տարածաշրջանի մի շարք հնավայրերում արձանագրված քարացրոններին կից կամ նրանց մեջ տեղակայված կառույցներ: Ամբողջ հնավայրի մակերեսը գրավում է Հատիս լեռան գագաթը՝ ավելի քան 280×100 մ չափսերով (1,65 հա)։ Հնավայրի թե՛ պարսպաշարը, թե՛ կառույցները շարված են բազալտի խոշոր և միջին չափերի անմշակ քարերով։
2019 թ. ամրոցի տարածքում ուսումնասիություններ է կատարել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ-իտալական արշավախումբը՝ Արթուր Պետրոսյանի և Ռոբերտ Դանի ղեկավարությամբ, Կոտայքի հետախուզական ծրագրի շրջանակում, իսկ 2022 թ.՝ ՀՀ ԿԳՄՍՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ Անահիտ Գրիգորյանի, Գևորգ Գյուլամիրյանի և Կարեն Ծերեթյանի մասնակցությամբ: