Խորանաշատ վանական համալիր

Խորանաշատ վանական համալիր

Խորանաշատ վանական համալիրը հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից է, դպրության և գրչության նշանավոր կենտրոն։ Վանքի և կից վարդապետարանի (բարձրագույն կրթօջախ) հիմնադիրն է միջնադարյան Հայաստանի մեծահամբավ հասարակական գործիչ, գիտնական-վարդապետ, ուսուցչապետ և աստվածաբան Վանական վարդապետ Տավուշեցին (1181-1251 թթ․), ով ուսումնառություն է ստացել Նոր Գետիկի (Գոշավանքի) հայտնի վարդեպետարանում՝ աշակերտելով հռչակավոր գիտնական Մխիթար Գոշին։

Խորանաշատի համալիրը բաղկացած է Ս․ Աստվածածին, Ս․ Կիրակի և Ս․ Ճգնավոր եկեղեցիներից, Ս․ Աստվածածին եկեղեցուն կից գավթից, շրջակայքում գտնվող աշխարհիկ բնույթի ավերակ շինություններից և պարիսպներից։ Վանքը Խորանաշատ անունն է ստացել հավանաբար խորանների շատ լինելու պատճառով։

Ս․ Աստվածածին եկեղեցին համալիրի հնագույն և գլխավոր շինությունն է, ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, արևելյան կողմում երկու կրկնահարկ ավանդատներ։ Եկեղեցու կառուցումը հավանաբար սկսվել է 1209 թ․ և ավարտվել 1221 թ․։ Ս․ Աստվածածին եկեղեցին աչքի է ընկնում ինքնատիպ հարդարանքով․ արևելյան ճակատի զույգ լուսամուտներից վեր ճանկերով որս բռնած թևատարած արծվի պատկերաքանդակ է, մուտքերն արտաքուստ եզերված են ուղղանկյուն քանդակազարդ շրջանակներով և կիսասյուներով, հյուսիսային բարավորը հարդարված է քառաթև, իսկ արևմտյանը՝ վեցաթև աստղերի պատկերներով։

Ս․ Աստվածածին եկեղեցուն արևմտյան կողմից կցված է գավիթը, որն ունի քառասյուն, կոնտրոնակազմ հորինվածք (չորս միակտոր սյուներով և հանդիպակաց որմնասյուներով կազմված կամարների վրա են հենվում ծածկի թաղերն ու երդիկայի բացվածքով պսակված ութանիստ թմբուկն ու վեղարաձև ծածկը), արևելյան կողմում երկու կրկնահարկ ավանդատներ։ Ամենայն հավանականությամբ գավթի կառուցումը մեկնարկել է Ս․ Աստվածածին եկեղեցու կառուցումից անմիջապես հետո՝ 1222 թ․, սակայն 1229 թ․ գարնանը ընդհատվել է Խորեզմի վերջին շահ Ջալալ ադ-Դինի արշավանքի հետևանքով, երբ նրանք ներխուժում են նշանավոր Զաքարյան իշխանատոհմի կրտսեր ճյուղ համարվող Վահրամյանների իշխանություն և ավերում Խորանաշատի վանքը։

Գավթի շինարարությունը վերսկսվել միայն 1236 թ․ աշնանը, երբ նույն տարվա ամռանը մոնղոլ զորավար Մոլար Նոյինի արշավանքի ժամանակ Տավուշի քարայրներում գերեվարվում, ապա փրկագնով ազատվում և վանք է վերադառնում Վանական վարդապետը՝ իր աշակերտների հետ։ Գավթի շինարարությունն ավարտվել է 1251 թ․։

Գավիթը ևս աչքի է ընկնում ճարտարապետական ինքնատիպ հարդարանքով․ մուտքի բարավորին արված է հավերժության նշան։ Դրանից վերև՝ պատին ագուցված պատվանդանին, երկու առյուծի և մարդու պատկերաքանդակ է։ Մարդը պատկերված է առյուծների արանքում և բռնել է նրանց պարանոցներին կապված պարաններից։ Այս պատկերաքանդակը «Հին կտակարան»-ի «Դանիելն առյուծների գբում» տեսարանի արտացոլումն է։ Իրենց հորինվածքով եզակի են նաև գավթի հյուսիսային և հարավային կենտրոնական թաղերից կախված թևատարած ճախրող արծվի ու օձի գլխի քանդակները։ Ուշագրավ է նաև արևելյան ճակատի շքամուտքը, որի եզրերին տեղադրված են որմնասյուներ՝ պսակված առյուծի և եզան քանդակներով։

Ս․ Կիրակի եկեղեցին գմբեթավոր շինություն է, տեղադրված է Ս․ Աստվածածին եկեղեցուց 4 մ հարավ, և ամենայն հավանականությամբ կառուցվել է գավթից ավելի վաղ։ Հարդարանքում աչքի է ընկնում արևմտյան կողմում գտնվող մուտքի ուղղանկյուն շրջանակով և քանդակազարդ երեսակալով շքամուտքը։

Վերոհիշյալ երեք հուշարձանները շրջապատված են կոպտատաշ քարերով առանց շաղախի շարված պարսպապատերով, որոնք, հավանաբար, հետագա ժամանակների գործ են։

Ս․ Ճգնավոր եկեղեցին գտնվում է պարսպից մոտ 150 մ արևելք։ Ճարտարապետական հորինվածքով նման է Ս․ Կիրակի եկեղեցուն և հավանաբար կառուցվել է նույն ժամանակահատվածում, այժմ կիսավեր է։ Եկեղեցու հարդարանքում տպավորիչ են գմբեթային փոխանցման առագաստների վրա պատկերված չորս ավետարանիչների պատկերները։