Գորիսում հանդիսավորությամբ բացվեց Գուրոսի սևանկարների ցուցահանդեսը

Գորիսում հանդիսավորությամբ բացվեց Գուրոսի սևանկարների ցուցահանդեսը

2024-10-11T14:12:39+00:00 11/10/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Հին Գորիսի ապրելակերպն ու կացութաձևը, քարանձավներից մարդկանց կենցաղի տեղափոխումը սարահարթ, ժամանակակից բնակատեղիի զարգացումը, Սյունիքի գեղատեսիլ բնությունը  ներկայացվել է Գորիսի համայնքային պատկերասրահում «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցադրությանը։

Բացառիկ միջոցառմանը ներկա են գտնվել՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Դավիթ Դանիելյանը,  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, կրթական և մշակութային հաստատություններից ներկայացուցիչներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր խոսքում կարևորել է, որ Գուրոսի թողած ժառանգության շնորհիվ նորովի է բացահայտվում Սյունիքը։  Ընդգծել է Գուրոսի /Գուրգեն Պարոնյանի/ ցուցադրության անցկացման կարևորությունը  հենց արվեստագետի ծննդավայրում։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սևանկարների հավաքածուից ավելի քան 100 լուսանկար է ներկայացվել ցուցադրությանը։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի ղեկավար,  «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի, «Պատկեր և պատում. XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի հեղինակ Արգամ Երանոսյանը հյուրերին ներկայացրել է ցուցադարությունը․

Արգամ Երանոսյան ցուցադրության հեղինակ

Այստեղ ներկայացված է Գուրոսի լուսանկարների մի մասը միայն։ Գուրոսը լուսանկարել է խորհրդային շրջանի արդիականացման փուլը, երբ ավանդական տնտեսաձևից անցում էր կատարվում կոլեկտիվ տնտեսության։ Մանրամասնորեն վավերագրել է, թե ինչպես է զարգացել հին Գորիսը, ինչպես է ձևավորվել ժամանակակից բնակատեղին։ Մի խումբ նկարներում էլ պատկերված են 1931 թվականի երկրաշարժի հետևանքները։ Արհավիրքը պատկերած լուսանկարները պահպանվել էին միայն Գուրոսի մոտ։ Նա վավերագրել է նաև բնական աղետի պատճառով հուշարձանների շրջանում եղած ավերածությունները։ Նա մանրամասնորեն լուսանկարել է Սյունիքի գեղատեսիլ բնությունը, հատկապես ժայռերը, որոնց հետ կապված կան բազմաթիվ առասպելներ ու պատումներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գուրոս. Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսը և «Պատկեր և պատում. XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի շնորհանդեսը անցկացվել  էր Հայաստանի նկարիչների միությունում։

«Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցադրությունը բաց է լինելու մինչև նոյեմբերի 15-ը։