Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

2014-05-19T12:36:27+00:00 19/05/2014|Լոռի Հուշարձաններ, Լրահոս|

Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ
Լոռու մարզ
գ. Արջահովիտ
պետ. ցուցիչ` 5.68.4

 

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ փոքրածավալ միախորան եկեղեցիների շարքում առանձնացող Արջահովիտի (Արջովիտ) Ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում է գյուղի հյուսիսարևմտյան մասում, կառուցվել է VI դ. առաջին կեսում: Հատակագծային հորինվածքով պատկանում է կենտրոնագմբեթ, քառաթև, փոքր կառույցների տիպին: Գմբեթատակ քառակուսին երեք կողմից շրջապատված է ուղղանկյուն խաչաթևերով, իսկ արևելյան մասում՝ պայտաձև հատակագիծ ունեցող խորանով, որը արտաքինից նույնպես ներառված է ուղղանկյան մեջ: Խորանը ծածկված է գմբեթարդով, իսկ խաչաթևերը՝ պայտաձև թաղերով: Եկեղեցին կառուցված է կարմիր, դարչնագույն, սև և դրանց տարբեր երանգների սրբատաշ տուֆով: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային: Ուշագրավ է եկեղեցու լուսամուտների և մուտքերի հարդարանքը՝ պայտաձև կամարիկներով և դրանք երիզող գնդիկներով մշակված լուսամուտների պսակները, մուտքերի բարավորի վրա հանգչող պայտաձև կամարներն ու միջանցիկ կամարամահիկը: Եկեղեցու մուտքերի և լուսամուտների ձևերն ու դրանց կառուցվածքային լուծումները, զարդանախշերն ու հարդարանքի այլ մանրամասերը, որպես զարդամիջոց՝ գունաներկի օգտագործումը բնորոշ են Հայաստանի IV-VI դդ. դասական ճարտարապետությանը:
Ս. Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 1991 թ. և ավարտվել 2001 թ.: Վերականգնման նախագծի հեղինակն է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:
Ճարտարապետական և կոնստրուկտիվ ինքնատիպ լուծումներով և միաժամանակ ավանդական տարրերով մշակված՝ Արջովիտի միախորան եկեղեցին առանձնահատուկ տեղ է գրավում վաղմիջնադարյան նույնատիպ հուշարձանների շարքում:

Հիմնական գրականություն

Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982:

Գրիգորյան Վ., Վաղ միջնադարի հայ ճարտարապետության գմբեթավոր քառաթև երկու հուշարձան, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 1973, N 4: