ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Արագածոտնի մարզ
ք. Ապարան
պետ. ցուցիչ` 2.2.2
Վաղքրիստոնեական հայկական ճարտարապետության այս նշանավոր հուշարձանը գտնվում է Ապարան քաղաքի կենտրոնում: Ենթադրվում է, որ IV-V դդ. եղել է Արշակունիների ապարանքի արքունի աղոթատեղին: Համալիրի մեջ մտել են գլխավոր և հնագույն Ս. Խաչ եկեղեցին, հետագայում կառուցված սյունասրահը և միանավ բազիլիկ եկեղեցին:
Ս. Խաչ եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, եռանավ բազիլիկ է, որի աղոթասրահը երկու պայտաձև կամարաշարերի միջոցով բաժանվել է ընդհանուր երկլանջ տանիքի տակ առնված կենտրոնական՝ մեծ և երկու կողային փոքր նավերի: Արևելյան խորանը ներսից պայտաձև է, դրսից՝ հնգանիստ: Ունի երեք մուտք՝ երկուսը հարավային և մեկը արևմտյան կողմերից: Վաղ միջնադարում եկեղեցու հյուսիսարևելյան անկյունում կառուցվել է շեղանկյուն հատակագծով ավանդատուն: Հուշարձանը կառուցված է սև, մոխրագույն խոշոր չափերի տուֆ քարով: Եկեղեցու արևմտյան և հարավային ճակատների շքամուտքերի բարավորների զարդաքանդակային հորինվածքները վաղ միջնադարյան հայկական քանդակագործական արվեստի լավագույն նմուշներից են:
1944-1947 թթ. բազիլիկի տարածքում կատարված հնագիտական պեղումների ժամանակ (ղեկավար՝ Ա. Սահինյան) բացվել են եռանավ բազիլիկի եռաստիճան որմնախարիսխը, հյուսիսային կողմից հետագայում տաճարին կցված կամարակապ սյունասրահի մնացորդները, հյուիսային կողմից ավանդատանը կից միանավ, թաղածածկ, պայտաձև խորանով բազիլիկ եկեղեցու հիմնապատերը:
Պեղումների ժամանակ գտնված բազմաթիվ մանրամասերի ու բեկորների միջոցով հնարավոր է դարձել վերականգնել վաղմիջնադարյան այս ուշագրավ հուշարձանի ճարտարապետական ընդհանուր պատկերը և կազմել հուշարձանի վերակազմության նախագիծը: Քասաղի բազիլիկ եկեղեցու արժեքավոր քանդակազարդ հնավանդ խոյակներից մեկը այժմ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:
1980-1990 թթ. համալիրի Ս. Խաչ եկեղեցին՝ կից ավանդատնով, ամբողջովին նորոգվել է և 1996 թ-ից դարձել գործող եկեղեցի:
Հիմնական գրականություն
Սահինյան Ա., Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը, Երևան, 1955:
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Երևան, 1948:
Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992: