ԲԵԽԻ ԱՆԱՊԱՏ (Տանձափարախի անապատ)
Սյունիքի մարզ
ք. Կապան
պետ. ցուցիչ`8.1.8.8
Բեխի անապատը ուշ միջնադարի Սյունիքի ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է: Գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4 կմ հարավարևելք` բարձր լեռանարևելյանլանջին, անտառի մեջ: Ներկայիս եկեղեցու պատերի շարվածքներում օգտագործված բեկորները վկայում են, որ անապատի տեղում եղել է ավելի հին` VII դ. հուշարձան, որը լրիվ քանդվել է, իսկ քարերը մասամբ օգտագործվել են նոր հուշարձանի կառուցման համար: XVII դ. Պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ`եկեղեցին հիմնովին վերակառուցել է Տաթևի Մեծ անապատի վանահայր Արիստակեսը XVII դ. 20-ական թվականներին: Այդ իսկ պատճառով անապատը հայտնի է նաև Արիստակեսի ինչպես և Տանձափարախի անապատ անվանումով: Կառուցվել է կիսամշակ բազալտով և որձաքարով: Բաղկացած է եկեղեցուց, գավիթ-սրահից, սեղանատնից, միաբանության խցերից և պարսպից: Համալիրից պահպանվել են եկեղեցին և սեղանատունը, մյուս շինություններից` միայն հետքերը:
Անապատը միջնադարում եղել է հայտնի մշակութային կենտրոն և գործել է մինչև XVII դ. վերջը:
Եկեղեցի-միանավ, թաղածածկ, արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն կառույց է` ավագ խորանի երկու կողմերում զույգ ավանդատներով: Իր հորինվածքով` միանավ դահլիճի և եռանավ բազիլիկի ճարտարապետական հորինվածքի զուգակցման եզակի օրինակ է Սյունիքի XVII դ. Եկեղեցական ճարտարապետության մեջ:
Գավիթ-սրահ–կցված է եղել եկեղեցուն արևմտյան կողմից: Մնացել են միայն հյուսիսային և հարավային պատերի փլատակները:
Սեղանատուն-գտնվում է եկեղեցուն կից, նրա հարավային կողմում: Ուղղանկյուն, թաղածածկ կառույց է: Պատերի շարվածքում օգտագործված են հնագույն մենաստանի ատամնավոր քիվի և քանդակազարդ գոտու բեկորներ:
Կիսավեր է:
Հիմնական գրականության
Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986:
Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դդ. ճարտարապետությունը, Երևան, 1973:
Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992: