ԽՈՐԱՆԱՇԱՏ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Տավուշի մարզ
գ. Չինարի
պետ. ցուցիչ` 10.51.9
Գլխավոր եկեղեցի -հատակագծում քառանկյուն, հորինվածքով գմբեթավոր, մեկ զույգ մույթերով, կիսաշրջանաձև արևելյան խորանով և զույգ երկհարկ ավանդատներով կառույց է: Ութանիստ բարձր թմբուկի նիստերը ծածկված են աստղի և շեղանկյուն ձևերի ջնարակված սալիկներով: Սրածայր վեղարով պսակված գմբեթը կրում են սլաքաձև կամարներով միացված մույթեր և ութ որմնամույթեր: Եկեղեցու պատերը ներսից սվաղված են կրաշաղախով, հարդարված են վրացատառ և հունատառ մակագրություններ ունեցող որմնանկարներով, ինչը վկայում է վանքի պատկանելությունը հայ քաղկեդոնականներին:
Համալիրը գտնվում է Չինարի գյուղից 1 կմ հյուսիսարևելք, սարի անտառապատ լանջին:
Վանքը XIII դ. հիմնադրել է Հովհաննես Վանական Վարդապետը: Պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, Ս. Կիրակի մատուռը, պարսպի մնացորդներ, գերեզմանաքարեր և այլն:
Ս. Աստվածածին եկեղեցի – կառուցվել է 1211-1222 թթ., վարդագույն սրբատաշ քարից: Գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է: 12 խորշերով զարդարված ավագ խորանի երկու կողմերում տեղադրված են երկհարկանի ավանդատներ: Այստեղ պահպանվել են 1216 թ. և 1220 թ. արձանագրություններ: Ուներ չորս խորան նախագավթում, չորսն էլ` բեմի աջ և ձախ կողմերում, որոնց պատճառով եկեղեցին ստացել է Խորանաշատ անունը:
Գավիթ – կառուցվել է 1251 թ., կից է եկեղեցուն արևմտյան կողմից: Քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով շինություն է, որի ծածկը իրականացված է երեք զույգ փոխհատվող կամարների կառուցվածքային սկզբունքով: Գավթի արևելյան կողմում կան երկու երկհարկանի խորաններ: Արևմտյան որմը եկեղեցու Ավագ խորանի նման խորշազարդ է: Արևմտյան շքամուտքը հարդարված է կենդանակերպ բարձրաքանդակներով, իսկ հարավային պատին կա արևի ժամացույց:
Ս. Կիրակի մատուռ – ХIII դ. կառույց է: Գտնվում էր Ս. Աստվածածին եկեղեցու հարավային կողմում:
Վանքից արևելք պահպանվել են Ս. Ճգնավոր մատուռի մնացորդներ, մեծ քանդակազարդ թևավոր խաչքար, միջնադարյան գերեզմաններ: Հավանական է, որ այստեղ է Հովհաննես Վանական Վարդապետի շիրիմը (վախճանվել է 1251 թ.):
Խորանաշատ վանական համալիրը միջնադարում եղել է գրչության նշանավոր կենտրոն, որտեղ գրչագրվել են ХIII-ХVII դդ. բազմաթիվ ձեռագրեր, որոնց մի մասը պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Այստեղ գործել են նաև մի շարք նշանավոր դեմքեր, Վանականի աշակերտներ` պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Գրիգոր Ակնեցին, Ստեփանոս Աղթամարցին և ուրիշներ: Վանականից հետո վանքի դպրոցը գլխավորել են Գրիգորիս և Պողոս վարդապետները:
Հիմնական գրականություն
Հայստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Եր., 1988:
ՀՀՀ, հ. 2, Եր., 1995:
Халпахчьян О. Архитектурные ансамбли Армении VIII в. до н.э.- ХIХ в. н.э. М., 1980.