Հարցազրույց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանի հետ

Հարցազրույց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանի հետ

2024-06-12T15:05:09+00:00 12/06/2024|Երեվան, Լրահոս, Հրապարակումներ|

Առավոտյան՝ աշխատասենյակում, կեսօրին՝ ֆոնդերում, երեկոյան՝ ուսումնասիրություն անելիս։ Ծանոթացեք՝ սա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հիմնադիրններից մեկի առօրյան է։ Եվ այսպես արդեն 36 տարի: Գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանի ամենօրյա աշխատանքը սկսվում և ավարտվում է պատմամշակութային արժեքների,  թանգարանային առարկաների հետ։

Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ պ.գ.թ, դոցենտ

Ինչպես միշտ աշխատանքը սկսվում է հանձնարարությունների ստուգումով: Ամփոփում եմ դրանք և նոր հանձնարարություններ տալիս ֆոնդապահներին։ Ընթացքում ունենում ենք ուսումնասիրողներ՝ ուսանողներ, ճարտարապետներ, որոնք աշխատում են մեր հավաքածուների հետ:  Ըստ անհրաժեշտության  կազմակերպում ենք սպասարկումը։ Այս ամենով հանդերձ, հաշվառումը, վերահաշվառումը, պահպանության պայմանների ստուգումը և բարելավումը ևս ֆոնդապահի առօրյա աշխատանքի մի մասն է։

Սա այսօր. իսկ երե՞կ: Եկեք սկսենք սկզբից: Լիաննա Գևորգյանը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլետի ազգագրության բաժինն ավարտելուց հետո 1983 թ. ընդունվել է  Հայաստանի ազգագրության պետական թանգարան ստանձնելով՝ նախ գիտաշխատողի, ապա` գիտքարտուղարի, այնուհետև գլխավոր ֆոնդապահի պաշտոնները: Այդ ընթացքում ազգագրությունը մշտապես եղել է նրա ուշադրության կենտրոնում։

 

 Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ պ.գ.թ, դոցենտ 

1988 թ.  Հուշարձանների պահպանության վարչության համակարգում ստեղծվեց Արգելոց-թանգարանների միացյալ դիրեկցիան: Նոր կազմակերպվող կառույցի  թանգարանային հավաքածուների ձևավորումը հանձնարարվեց  ինձ: Սկսվեց թանգարանային առարկաների հավաքագրումը, որը շարունակվեց նաև մեր երկրի համար խիստ ծանր 90-ական թթ.: Հավաքվեցին և ի մի բերվեցին հնագիտական և ազգագրական հավաքածուները, դասակարգվեցին և գրանցվեցին ճարտարապետական հուշարձանների տարաբնույթ գծագրերը, հանույթները, չափագրությունները, բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, նեգատիվներ և այլն: Կառույցը գործեց մինչև 2003 թվականը։

 

2003 թ.- ից մինչև այսօր Լիաննա Գևորգյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է փոխտնօրենի և  գլխավոր ֆոնդապահի պաշտոնները: Կառույցի անվանումը տարիների ընթացքում փոխվել է: Փոխվել են նաև ՊՈԱԿ-ի գործառույթները: Հավաքածուների հաշվառմանն ու պահպանմանը զուգահեռ իրականացվել են դրանց ուսումնասիրման ու հանրահռչակման աշխատանքները: Այդ ընթացքում Լիաննա Գևորգյանը մի խումբ մասնագետների հետ հեղինակել է «Զվարթնոց» հնավայրի թանգարանի գիտական պլանը, մասնակցել դրա իրագործման աշխատանքներին, կազմակերպել և կյանքի կոչել բազմաթիվ մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, որոնցից վերջինը՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանի հնգիտության և ազգագրության բաժնի ցուցադրության իրականացումն էր:

 

Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ պ.գ.թ, դոցենտ 

Ներկայումս ունենք 350 000-ից ավել թանգարանային առարկա ընդգրկող հավաքածու՝ հնագիտական, ազգագրական, դեկորատիվ-կիրառական արվեստին վերաբերող, ինչպես նաև հուշարձանների լուսանկարներ, սևանկարներ, նախագծեր,   չափագրություններ և այլն։ Մեզ մոտ են պահվում նաև անվանի գիտնականների՝ ճարտարապտների, հնագետների գիտական ուսումնասիրությունների արդյունքները: Ժամանակի ընթացքում որոշ արգելոց-թանգարաններ լուծարվեցին: Հառիճի, Սևանի, Տաթևի, Սանահինի  վանական համալիրում տեղադրված թանգարանները դարձան գործող եկեղեցիներ և այդ թանգարանների հավաքածուները տեղափոխվեցին մեզ մոտ մշտական պահպանության: Սակայն դա դեռ ամենը չէ։

 

Երբեմն աշխատանքային առօրյան կարող է ուղեկցվել նաև արտակարգ իրադարձություններով (երկրաշարժ, հրդեհ, ջրհեղեղ և այլն): Այդ պարագայում ինչպե՞ս է իրականացվում թանգարանային առարկաների և ֆոնդերի պահպանությունը, անվտանգության ապահովումը: Օրինակ պատերազմի ժամանակ։

 

Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ պ.գ.թ, դոցենտ 

Բարդ էր իրավիճակը 1988 թ. երկրաշարժից հետո, երբ մենք իրականացրեցինք Գյումրիի Ասլամազյան քույրերի և Կումայրի արգելոց-թանգարանի թանգարանային առարկաների տարհանումը: Առավել բարդ էր  իրավիճակը 2020 թ. հուլիսյան դեպքերի ժամանակ Տավուշում։  «Բերդի» թանգարանի առարկաների տարհանման խնդիր ծագեց, ինչը ցույց տվեց, որ մենք, ցավոք, լիովին պատրաստ չենք  արտակարգ իրավիճակներին:   Ըստ այդմ, անհրաժեշտություն  առաջացավ ունենալ ինչ-որ ուսումնասիրություն, կարգ, որով մարդիկ կկարողանան արտակարգ իրավիճակների պայմաններում առաջնորդվել։

Խնդիրը լուծելու համար Լիաննա Գևորգյանը հայտ է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտե, հաղթել մրցույթում և ստացել համապատասխան  ֆինանսավորում։  ՊՈԱԿ-ի  մի քանի աշխատակից 3 տարի ուսումնասիրել են հիմախնդիրը, մասնակցել թանգարանային առարկաների տարհանման, անվտանգության խնդիրներին առնչվող տարբեր գիտաժողովների, հավաքների ու թրեյնինգների:

Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ պ.գ.թ, դոցենտ 

Այժմ պատրաստում ենք մի ձեռնարկ, որը կպատասխանի այդ հարցերին, հաշվի առնելով թանգարանային ոլորտում ունեցած փորձը։

Աշխատանքային երկար տարիների փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու համար ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահը հաճախ է այցելում մասնաճյուղ արգելոցներ, արգելոց-թանգարաններ։ Այս ցանկում «Բերդ» պատմամշակութային արգելոցի թանգարանը նրա համար առանձնահատուկ տեղ ու նշանակություն ունի:

 

Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ պ.գ.թ, դոցենտ 

Դա երկու պատճառ ունի: Առաջինը կապված է Բերդի թանգարանի ստեղծման հետ: Այն կյանքի է կոչվել որպես ազգագրության թանգարանի մասնաճյուղ, որի հիմնադիրն  ու ցուցադրության առաջին հեղիանակը իմ ուսուցիչ Լավրենտի Բարսեղյանն էր: Ես իմ հոգու պարտքն եմ համարում այդ թանգարանը կարգի բերել և հասցնել նրան՝ ինչին, որ ուզեցել  է հասցնել իմ  ուսուցիչը։ Երկրորդը՝ ազգագրագետի իմ մասնագիտական հետաքրքրությունն է: Հավաքծուն և ցուցադրությունը նվիրված է տեղի բնակչության կենցաղին ու մշակույթին:

 

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահը զուգահեռ նաև դասավանդում է։ Երկարամյա դասավանդման արդյունքում նրան շնորհվել է դոցենտի կոչում: Թանգարանային գործի մասին նրա դասախոսությունները լսում են  ՀՊՄՀ-ի ուսանողները։

Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ պ.գ.թ, դոցենտ 

Մեզ մոտ հետաքրքիր է սովորելը, քանի որ ուսանողները պարտադիր  այցելում են թանգարաններ, անընդհատ գործնական ուսումնական գործընթացի մեջ են լինում։ Սակայն, մեծ հետաքրքրությամբ անցկացրած ուսանողական տարիներից հետո քչերն են, որ ընդունվում են թանգարաններ կամ մշակութային այլ օջախներ: Հիասթափության հիմնական պատճառը  ցածր աշխատավարձն է:

Տիկին Գևորգյան, եթե դեմ չեք խոսենք,  Ձեր ընտանիքի մասին։

Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ պ.գ.թ, դոցենտ 

Իհարկե դեմ չեմ, խոսենք: Ամուսնացած եմ, ունեմ երկու որդի, զավակներս արդեն մեծ են, ունեն իրենց ընտանիքները։ Որդիներս, սակայն իմ մասնագիտական հետաքրքրությունները չկիսեցին։ Կարծում եմ դրանում իմ «մեղքն» էլ կա։ Ամբողջ Հայաստանը, Արցախը դեռ փոքրուց ենք բացահայտել, Հայաստանից դուրս շատ թանգարանն ենք այցելել, ինձ թվում է թանգարանները նրանց կյանքում չափից շատ էին, ուստի  ընտրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Սակայն օրեր առաջ, խոստովանեցին, որ իրենց շրջապատում հասակակիցները Հայաստանն այնքան լավ՝ որքան որ իրենք, քչերն են ճանաչում:

Լիաննա Գևորգյանի խոսքով  ֆոնդապահի աշխատանքն այսօր այնքան էլ գնահատված չէ։ Ասում է իրենց  հաճախ վերաբերվում են որպես միայն հավաքածուի պահապանի, սակայն, իրականում դա այդպես չէ:  ֆոնդապահներն ամեն օր ուսումնասիրում են իրենց վստահված հավաքածուն, տիրապետում են ամեն մի առարկայի տեղեկատվությանը, որոնողական աշխատանք են իրականացնում, հնարավորություն ունեն արդյունքները հրատարակել գիտական հոդվածների, հավաքածուների կատալոգների տեսքով:

 

Ծառայության ֆոնդապահները  բարձր են գնահատում տիկին Լիաննայի գործին նկատմամբ ունեցած նվիրվածությունն ու պատասխանատվությունը, որը ինչպես և ներկայացնում են վարակիչ է, ասում են, ամեն օր ենք սովորում մեր ավագ գործընկերոջից, ում աշխատանքում խստության ու պահանջոկտության կողքին նաև հումորն է։ Մանրախնդրությամբ է մոտենում ամեն հարցի, սկզբից մինչև վերջ ուսումնասիրում, հանգամանալից ավարտին է հասցնում աշխատանքը։

 

Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ պ.գ.թ, դոցենտ 

Խորհուրդս է ֆոնդապահներին, որ հանգամանորեն ուսումնասիրեն և հանրահռչակեն ձեռքի տակ առկա հավաքածուն, չէ որ թանգարանային առարկայի տեղեկատվությունը բացահաայտելը ևս շատ հետաքրքիր ստեղծագործական նաև գիտական աշխատանք է:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահն այդպիսի և թանգարանագիտությանն ու ազգագրությանը վերաբերող բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Այսօր էլ մի հոդված է պատրաստում ֆոնդապահի մասնագիտության մասին, որը համոզված է մեծ արձագանք կունենա թանգարանների աշխատակիցների շրջանում: