ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆՔ

ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆՔ

2013-08-27T11:36:40+00:00 09/07/2013|Արարատի Հուշարձաններ|

ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆՔ
Արարատի մարզ
գ. Փոքր Վեդի
պետ. ցուցիչ` 3.49.1

 

Ուխտատեղի և նվիրական սրբավայր Խոր Վիրապ վանական համալիրը գտնվում է Փոքր Վեդի գյուղի մոտ, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի միջնաբերդի տեղում: Ըստ IV դ. պատմիչ Ագաթանգեղոսի, հենց այս միջնաբերդի վիրապում է 14 տարի իր չարչարանքները կրել Տրդատ Գ Մեծի կողմից հալածված` քրիստոնեության քարոզիչ Գրիգոր Ա Լուսավորիչը:

Ներկայիս վանական համալիրի մեջ մտնում են Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին եկեղեցիները, զանգակատունը, պարիսպները` կից շինություններով:

Ս. Գրիգոր եկեղեցի – կառուցվել է 1662 -1669 թթ., հին եկեղեցու հիմքի վրա: Պատմական տեղեկությունների համաձայն` Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը 642 թ. վիրապի վրա կառուցել է «Զվարթնոցատիպ» եկեղեցի, որի ավերվելուց հետո` XVII դ., խոջա Շմավոն Ագուլեցու և Զաքարիա Ագուլեցու նախաձեռնությամբ, նույն ավերակների վրա կառուցվել է այժմյան Ս. Գրիգոր եկեղեցին: Կից է պարսպի հարավարևմտյան պատին: Ունի թաղածածկ դահլիճի հորինվածք: Եկեղեցու Ավագ խորանի տակ գտնվում է 4,5 մ տրամագծով և 6,5 մ խորությամբ գուբը:

Ս. Աստվածածին եկեղեցի – գտնվում է համալիրի կենտրոնում: Կառուցվել է XVII դ. վերջին: Ունի մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Եկեղեցին հարուստ է Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի արժեքավոր բարձրաքանդակներով:

Զանգակատուն – կից է եկեղեցուն արևմտյան կողմից: Կառուցվել է XIX դ., եռակամար սրահի տեղում: Սյունազարդ է:

Պարիսպներ – կառուցել է Խոր Վիրապի վանահայր Դավիթ վարդապետ Վիրապեցին XVII դ.: Ուղղանկյուն հատակագծով, 7 բոլորաձև բուրգերով պարիսպները ներսից ունեն կից շինություններ:

Խոր Վիրապը XIII դ-ից եղել է նաև դպրության կենտրոն: Վերջինս հիմնել է Վարդան Արևելցին 1255 թ.: Այստեղ ուսանել են անվանի մտածողներ Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Ներսես Մշեցին, ով հետագայում` Արևելցու մահից հետո, ղեկավարել է վանքի բարձրագույն դպրոցը: Մինչև XVIII դ. Խոր Վիրապը եղել է նաև գրչության կենտրոն: Այստեղ ընդօրինակված շատ ձեռագրեր այսօր պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Վանական համալիրը վերանորոգվել և բարեկարգվել է 1960-1970 –ական թթ.:

Հիմնական գրականություն

Շահխաթունյանց Հ., Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին, 1842:

Ալիշան Ղ., Այրարատ, Վենետիկ, 1890:

Մաթևոսյան Կ., Խոր Վիրապի վանքը և նրա գրչության կենտրոնը, «Էջմիածին», 1997, N 2-3: