ՍԱՆԱՀԻՆԻ ԿԱՄՈՒՐՋ

ՍԱՆԱՀԻՆԻ ԿԱՄՈՒՐՋ

2013-08-27T11:20:36+00:00 09/07/2013|Լոռի Հուշարձաններ|

ՍԱՆԱՀԻՆԻ ԿԱՄՈՒՐՋ
Լոռու մարզ
ք. Ալավերդի
պետ. ցուցիչ` 5.2.23

 

Գտնվում է Ալավերդի քաղաքում, Դեբեդ գետի վրա, Սանահինի վանք տանող ճանապարհին: Հայաստանի միջնադարյան կամրջաշինական արվեստի պահպանված նշանավոր կառույցներից է: Կառուցել է տվել Կյուրիկյան թագուհի Վանենին XII դ. վերջին ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու` Աբաս Բագրատունի թագավորի (մահացել է 1192 թ.): Միաթռիչք է, կիսաշրջանաձև կամարով, 18,6 մ բացվածքով` եզերված ընդգծված զույգ կամարագոտիներով: Կամրջի երկարությունը մոտ 60,0 մ է, միջին մասի լայնությունը` 3,3 մ: Կառուցված է սրբատաշ բազալտի խոշոր քարերով: Շարվածքը կատարված է բարձրորակ կրաշաղախով: Ինչպես կառուցվածքով, այնպես էլ շինանյութի ընտրությամբ ներդաշնակում է Դեբեդի կիրճի առափնյա բազալտե ժայռաբեկորներին: Կամուրջը տեղադրված է կիրճի ամենանեղ հատվածում, որի ձախ ափը զգալիորեն ցածր է աջից: Նման տեղանքում ճարտարագիտական մեծ վարպետությամբ է լուծված երթևեկելի մասի մակարդակների տարբերության խնդիրը: Անցումը ձախակողմյան ցածր ափից իրականացված է աստիճանաբար` երկու կողմերը սահմանափակելով աստիճանաձև եզրապատերով, վերկամարային մասում ընդունելով հորիզոնական դիրք: Աստիճանավոր եզրապատերի չորս անկյուններում, որպես պահապան խորհրդանշաններ, կան առյուծների մեկական բարձրաքանդակներ: Կառուցողական արվեստում ճարտարագիտական փայլուն իմացության հետ միաժամանակ դրսևորված է գեղարվեստական արտահայտչականության նուրբ ճաշակ (քարի ընտրությունը, կամարաղեղի եզրերի մշակումը, կենդանիների պատկերաքանդակները):

Նորոգվել է մի քանի անգամ: 1888 թ. Թիֆլիսի Նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցու քահանա սանահինցի Երվանդենց Թադևոսի միջոցներով ամրացվել են կամրջի ձախակողմյան պատերի խախտված հիմքերը: 1928-1929 թթ. Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ մասնակիորեն ամրացվել են ձախափնյա խելի հիմքերը: 1939-1940 թթ., 1976-1977 թթ. իրականացվել են ճակատային երեսապատերի վերաշարման աշխատանքներ:

Գործող կամուրջ է:

Հիմնական գրականություն

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986:

Հարությունյան Վ., , Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960: