Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Լոռու մարզ
գ. Դսեղ
պետ. ցուցիչ` 5. 35.16
Գտնվում է Դսեղ գյուղի կենտրոնում` միջնադարյան գերեզմանոցի տարածքում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ: Շրջապատված է քարե ցածր պարսպով: Կառուցվել է VII դ.: Քանիցս վերակառուցվել է, և նախնական շինությունից գրեթե ոչինչ չի պահպանվել: Ներկայիս կառույցը ուղղանկյուն դահլիճ է` արևելյան կողմում խորանով, որի ուղղանկյուն ծավալը դուրս է գալիս եկեղեցու արևելյան պատի սահմաններից: Խորանի երկու կողմերում ավանդատներն են: Հարավային ավանդատունը հետագայում` X դ., Մամիկոնյան իշխանների միջոցով վերափոխվել է զանգակատան, որը կառուցվել է դեղնակարմրավուն ֆելզիտով: Զանգակատան արևելյան ճակատին պահպանվել է Մամիկոնյան տոհմի զինանշանը` երկգլխանի արծիվ` ճանկերում գառ: Հարավային պատին փորագրված է արևի ժամացույց:
Եկեղեցին վերակառուցման է ենթարկվել նաև 1900 թ., որի մասին հիշատակվում է գմբեթարդի ճակատային կամարի արձանագրության մեջ: Ներկայիս տեսքը եկեղեցին ստացել է այդ վերակառուցումից հետո:
Եկեղեցու վերջին վերակառուցումը վերաբերում է 1969 թ.:
Դսեղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վաղ միջնադարյան այն ճարտարապետական հուշարձաններից է, որտեղ զուգադրվել են տարբեր դարաշրջանների վերակառուցումները:
Հիմնական գրականություն
Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986: