ՄԱԹՈՍԱՎԱՆՔ
Տավուշի մարզ
ք. Դիլիջան
պետ. ցուցիչ` 10.3.145
Գտնվում է Դիլիջան քաղաքից 3,5 կմ դեպի հյուսիսարևմուտք, Բլդան գետի աջափնյա անտառածածկ սարահարթի վրա, Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին: Միջնադարյան հուշարձանախումբը բաղկացած է իրար կից երեք կառույցներից` եկեղեցուց, գավթից և գրատնից: Հուշարձանախմբից հարավարևելք տարածված է միջնադարյան գերեզմանոցը` անմշակ տապանաքարերով և խաչքարի պատվանդաններով:
Ս. Աստվածածին եկեղեցի – ըստ արևմտյան մուտքի ճակատակալ քարի շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցել է Հորդանանը` 1247 թ.: Փոքր չափերի թաղածածկ կառույց է, կիսամշակ, խոշոր քարերով շարված: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Մուտքի երկու կողմերում ագուցված են քանդակազարդ խաչքարեր և ձևավոր բեկորներ: Կոչվել է նաև Պղնձահանքի Ս. Աստվածածին եկեղեցի:
Եկեղեցու հյուսիսային պատի տակ տեղադրված է 1251 թ. արձանագրությամբ գեղաքանդակ մեծ խաչքար:
Գավիթ – կից է եկեղեցուն արևմուտքից: Մուտքը հյուսիսային կողմից է: Ունի քառակուսի հատակագիծ: Թաղածածկ շինություն է, կառուցված է տարբեր մեծության կիսամշակ քարերով: Ներսից սվաղված է կրաշաղախով: Արևմտյան պատի մեջ բացված է նեղ լուսամուտ: Կառուցման ժամանակը անհայտ է: Գավթի հատակին կան մի քանի անմշակ և անարձանագիր տապանաքարեր:
Գրատուն – կից է գավթին հյուսիսից և նրան միացած է լայն բացվածքով: Թաղակապ, փոքր շինություն է` կառուցված խոշոր հարթ քարերով: Ունի նաև առանձին մուտք արևելյան կողմից: Լուսամուտները բացված են հարավային պատի մեջ:
Վանքը վթարային և անմխիթար վիճակում է. քանդված են եկեղեցու պատերը, գավթի տանիքը, վնասված են մուտքերը, ավերված է գրատան գմբեթը:
Հիմնական գրականություն
Էլլարյան Ի., Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձանները, Եր., 1980:
Ավագյան Ս., Ջանփոլադյան Հռ., Դիվան հայ վիմագրության, պր. 6, Երևան, 1977: