ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ՎԱՆՔ (Սպիտակավոր Ս. Աստվածածին վանք)
Վայոց ձորի մարզ
գ. Վերնաշեն
պետ. ցուցիչ` 9. 15. 4
Գտնվում է Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս, լեռան լանջին: Համալիրը բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց, գավթից և զանգակատնից, որոնք կառուցված են սպիտակ սրբատաշ ֆելզիտ քարով, ինչից էլ առաջացել է վանքի անվանումը:
Ս. Աստվածածին եկեղեցին, ըստ արձանագրության, հիմնադրել է Էաչի Պռոշյան իշխանը 1318 թ., որի մահից հետո շինարարությունը շարունակել և ավարտել է իր որդին՝ Ամիր-Հասանը, 1321 թ.: Ունի գմբեթավոր դահլիճ տիպի հորինվածք: Միակ մուտքն արևմտյան կողմից է: Եկեղեցին առանձնանում է աշխարհիկ և հոգևոր սյուժետային պատկերաքանդակներով: Մուտքի ճակատակալ քարի՝ մանուկ Հիսուսը գրկին Աստվածածնի պատկերաքանդակը, Էաչի իշխանի և նրա որդի Ամիր Հասանի քանդակը (այժմ՝ Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ), Ամիր Հասանի որսի տեսարանով բարձրաքանդակը (այժմ՝ ՀՊԹ) իրավամբ համարվում են հայկական միջնադարյան քանդակագործական արվեստի լավագույն օրինակներից:
Գավիթը կից է Ս. Աստվածածին եկեղեցուն արևմտյան կողմից: Կառուցվել է 1321-1330 թթ.: Քառակուսի հատակագծով, թաղածածկ կառույց է:
Զանգակատունը կից է գավթի արևմտյան պատին: Կառուցել են Հովհաննես և Թաճն ամուսինները 1330 թ.: Եռահարկ, ինքնատիպ հորինվածքով կառույց է: Առաջին հարկը խուլ է, կառուցված է կոպտատաշ քարերով, երկրորդը ուղղանկյուն խորշ է, իսկ երրորդը միջանցիկ կամարակապ բացվածք է՝ երկթեք ծածկով պսակված:
Վանքի շրջակայքում պահպանվել են ուշ շրջանի պարսպապատերի, վանական խցերի և գերեզմանոցի մնացորդներ:
XV դ. երկրորդ կեսից մինչև XVI դ. Ս. Աստվածածին վանքը գրչության կենտրոն էր:
1987 թ. Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում են ամփոփվել հայ ականավոր զորավար, գաղափարախոս և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները: 1989 թ. տեղադրվել են տապանաքար և խաչքար:
Հուշարձանը վերականգնվել է 2007-2009 թթ. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, իսկ 2012 թ., բարերար Վարդան Հարությունյանի հովանավորությամբ, զանգակատանը տեղադրվել է Սանկտ Պետերբուրգում պատրաստված զանգը:
Հիմնական գրականության
Եղիազարյան Հ., Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը և նրա վիմագիր արձանագրությունները, «Էջմիածին», N 6, Էջմիածին, 1966:
Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պր. 3, Երևան, 1967: