ԾԱՏՈՒՐԻ ԿԱՄՈՒՐՋ

ԾԱՏՈՒՐԻ ԿԱՄՈՒՐՋ

2014-10-27T12:40:06+00:00 27/10/2014|Վայոց Ձորի Հուշարձաններ|

ԾԱՏՈՒՐԻ ԿԱՄՈՒՐՋ

Վայոց ձորի մարզ
գ. Շատին
պետ. ցուցիչ` 9. 35.10

Միջնադարյան կամրջաշինության բնագավառում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Շատին գյուղի շրջակայքում գտնվող 4 կամուրջները, որոնցից հատկապես ուշագրավ է Շատին վանքի կողմից կառուցված «Ծատուրի կամուրջը»:
Գտնվում է գյուղից 4 կմ հարավ, Եղեգիս գետի աջ ափին, հիդրոէլեկտրակայանի դիմաց: Միջնադարյան կամրջից պահպանվել է միայն աջափնյա խելը, իսկ արևմտյան մասը՝ շինարարական արձանագրության հետ միասին, քանդվել է գետի հեղեղման պատճառով: Ըստ շինարարական արձանագրության, որի մասին հիշատակում է Ղևոնդ Ալիշանը, կամուրջը կառուցվել է 1666 թ., Շատիվանքի Սարգիս վարդապետի և վանականների ջանքերով: Միաթռիչք, սլաքաձև կամարով կամուրջը կառուցված է կրաշաղախով շարված բազալտե քարերով: Ճակատային պատերի համար օգտագործված են կոպտատաշ, իսկ թաղի համար՝ սրբատաշ քարեր: Կամրջի հենամիջյան տարածությունը 13,0 մ է, բարձրությունը՝ 9,0 մ, թաղի լայնությունը՝ 4,5 մ:
Շատին վանքի կամուրջը՝ իր ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումներով, XVII դ. կամրջաշինության լավագույն հուշարձաններից է:

Հիմնական գրականության

Հարությունյան Վ., Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960:

Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Երևան, 1973: