ՄՇԿԱՎԱՆՔ

ՄՇԿԱՎԱՆՔ

2014-11-04T15:50:48+00:00 04/11/2014|Տավուշի Հուշարձաններ|

ՄՇԿԱՎԱՆՔ

Տավուշի մարզ
գ. Կողբ
պետ. ցուցիչ՝ 10.41.23

Միջնադարյան հայկական ճարտարապետության Մշկավանք (Մշակավանք) համալիրը գտնվում է ճարտարապետական և հնագիտական հուշարձաններով հարուստ Կողբ գյուղից 3 կմ հարավ, անտառապատ, բարձրադիր սարահարթի վրա: Հուշարձանը վերագրվում է XII-XIII դդ.: Վանքի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն ըստ XIII դ. պատմագիր Վարդան Արևելցու հիշատակության, մինչև 1219 թ. երկրաշարժը Մշկավանքը կանգուն կառույց էր: Համալիրից պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, երկու խցերը և հին գերեզմանատունը: Կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով:

Ս. Աստվածածին եկեղեցին հատակագծում քառակուսի, միանավ դահլիճ է՝ կիսագլանային թաղով ծածկված: Արևելյան կիսաշրջանաձև խորանին երկու կողմից կից են երկհարկանի, նեղ ավանդատները: Միակ՝ արևմտյան մուտքը, որը ձևավորված է զույգ կիսագլանիկներով և հյուսվածքանախշերով զարդարված, ուղղանկյուն շրջանակի մեջ առնված կիսաշրջանաձև կամարով, բացվում է դեպի գավիթը: Եկեղեցու արևելյան ճակատը, ավագ խորանի պատուհանից վերև, հարդարված է ոճավորված խաչով, որի վերին թևին քանդակված է ցուլի գլուխ:

Գավիթն ունի փոխհատվող զույգ կամարների համակարգով անսյուն կենտրոնակազմ գավիթների հորինվածք՝ արևմտյան կողմից երկարացված լրացուցիչ տարածությամբ, որը գավթի քառակուսի մասից բաժանված է կլոր հատվածքի զույգ զանգվածեղ սյուներով: Ունի քառալանջ կտուր: Մուտքը արևմտյան ճակատից է: Շքամուտքը երիզված է եռաստիճան ուղղանկյուն շրջանակներով: Գավիթն ունի բարձր որմնախարիսխ, որը ռելիեֆի թեքությամբ պայմանավորված՝ աստիճանաձև դեպի արևելք է բարձրանում և գավթից դեպի եկեղեցի տանում են չորս աստիճանները:

Երկու կիսաշրջանաձև խորշերով խուցերը տեղակայված են եկեղեցու երկայնական պատերին կից, հյուսիսային և հարավային կողմերում, որոնց մուտքերը բացվում են գավթի մեջ: Դրանցից հյուսիսայինը կառուցված է եկեղեցու հետ միաժամանակ, իսկ հարավայինը՝ ավելի ուշ:

Հին գերեզմանատունը տարածված է եկեղեցու շուրջը:

Մշկավանքը ուշագրավ է իր հարուստ խաչաքանդակներով և վիմական արձանագրություններով:
Հուշարձանը նորոգվել է 1955-60 թթ. ճարտարապետներ՝ Հ. Հակոբյանի և Յու. Թամանյանի նախագծերով:

Հիմնական գրականություն

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986:
Թամանյան Յու., Մշկավանքի վերականգնումը, «Պատմաբանասիրական հանդես», Երևան, N 3, 1977: