ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Կամուրջները Հայաստան աշխարհում կարևոր նշանակություն են ունեցել ինչպես հաղորդակցության, այնպես էլ երկրի տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման տեսանկյունից: Որպես հուշարձաններ` միջնադարի այդ կառույցները օգնում են մեզ պատկերացում կազմելու երբեմնի ճանապարհների, նրանց դերի ու նշանակության շինարարական արվեստի և ինժեներական մտքի զարգացման մասին:

Դադալի կամուրջ

Գտնվում է Եղեգնաձոր քաղաքի դիմաց` Արփա գետի վրա: Միակամար է, կրաշաղախ, սրբատաշ, բաց գույնի քարով շարված: Կամուրջի կամարը շարված է ատամնաձև սեպաքարերով: «Կամարի կառուցման այսպիսի եղանակը,- գրում է ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը,-հայտնի է միջնադարյան Հայաստանի ճարտարապետության մեջ»: Կամրջի վրա գրավոր վկայություններ չեն պահպանվել: Այն գործել է մինչև 1970-ական թվականները, որն իր հուսալիությամբ անցանելի է եղել բեռնատար ավտոմեքենաների համար: Ժամանակի ընթացքում սելավներից կամրջի կամարի կրող հիմքի քարերը խարխլվել էին, և միայն 1985-86 թթ. Աշոտ Խալաթյանի գլխավորությամբ իրականացված ամրակայման աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ պահպանել կամրջի ներկայիս տեսքը, պայմանով, որ այն այլևս նախատեսված չէր լինելու տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար:

Արենու կամուրջ

Պատմիչ Ստ. Օրբելյանի հոր` Տարսայիճ իշխանի հրամանով Սարգիս եպիսկոպոսը կառուցել է Վայոց Ձորի առաջին կամուրջը. «…Այս Տեր Սարգիս… ևս առաւել արար գործ մի երևելի, զի ի գյւղն Արփայի վերայ գետոյն կանգնեաց կամուրջ զարմանալի տաշածոյ վիմօք, յոյժ բարձր և ընդարձակ և լայն, հիացուցիչ տեսողաց, բազում ծախիւք և անչափ աշխատութեամբ` հրամանաւ բարեպաշտին և մեծափառ իշխանին Տարսայիճին…»: Պատմիչը սակայն չի նշել կառուցման տարեթիվը: Եվ քանի որ կամուրջը կառուցվել է Տարսայիճի օրոք (1273-1290 թթ.), ենթադրաբար այն ունի 700 տարվա պատմություն: «…Այս կամուրջը ապացույց է, որ հին ժամանակ այստեղ եղել է մեծ անցուդարձի ճանապարհ, – գրում է Քաջբերունին, – Դժվար չէ որոշել հին ճանապարհի ուղղությունը, որ Շարուրի դաշտից Արփայի ձախ, ապա աջ ափերով Ղոյթուր գետակի աջ ափով բարձրացել մինչև Սելիմի ձորը և այստեղից Արիջայի բարձրադիր տափարակով անցել է դեպի Գեղամա ծովը»: Հեղինակը այդ ճանապարհին նշում է Չուբուք Քյորփի, Ծատուրի և այլ կամուրջների մասին: Ճարտարապետ Վ. Հարությունյանը գրում է. «…Քարերի միացման անտիկ միջոցների կիրառումն այս կամուրջի հիմքերում վկայում է այն մասին, որ հին և շատ կարևոր ճանապարհիուղղությամբ գտնվող այս կամուրջի նախնական կառուցվածքը վերաբերվում էանտիկ կամ համենայն դեպս վաղ ֆեոդալիզմի շրջանին, երբ դեռ կենսունակ էին հելլենիզմի տրադիցիաները…»:

Կամուրջ «Չուբուկ Քյորփի»

Գտնվում է Եղեգիս գետի վրա` Շատին գյուղի դիմաց: Ըստ Ս. Բարխուդարյանի` կամուրջը հիմնովին վերակառուցվել է XIX դարում: «…կամուրջի դիմաց, բլուրի լանջին պահպանված խաչքարի արձանագրության համաձայն, շինվել է XIII-XIV դդ. և նվիրվել Ցախաց քարին»:

Կամուրջ «Ծատուրի»

Գտնվում է Շատին գյուղից 3կմ հարավ` Եղեգիս գետի վրա: Կառուցվել է 1666թ. Շատիվանքի առաջնորդ Սարգսի և այլ վանականների ջանքերով: Պատմիչ Ղևոնդ Ալիշանի կողմից հրատարակված արձանագրության մեջ ասված է. «Ի թուին Հայոց հազար ամին հարիւր և հնգետասան ավելի (1666թ) Շնորհաւք Ամենազաւրին, ավարտ եղև այս շինուածին: Կամաւն Աստուծոյ ես` Սարգիս վարդապետ, առաւնորդ Շատինու անապատին, …շինեցաք զկամուրջս ի հայրապետութեան Հայոց Տեառն Յակոբայ…»: Կամուրջից մեզ է հասել գետի աջ ափին գտնվող խ ե լ ը:

Աղնջաձորի Կամուրջներ

Քաջբերունին իր «Ճանապարհորդական նկատողություններ» գրքում ընդգծում է, որ Արփայի կամուրջով եղել է մեծ անցուդարձ, Ճանապարհը ձգվել է մինչև Սելիմի ձորը, և այստեղից Այրիջայի բարձրադիր տափարակով անցել դեպի Գեղամա ծով: Այդ ճանապարհի վրա, գյուղից երկու կիլոմետր հյուսիս քարավանատների հարևանությամբ են գտնվել Աղնջաձորի երկու կամուրջները:

Կամուրջ «Պասկևիչի»

Գտնվում է Վայք քաղաքից հարավ-արևմուտք: Քաջբերունին կամրջի մասին գրում է. «… գետի հատակի մեծ սալից բարձրանում է կրաշաղախ լայն պատ` երկու ժայռերից հավասար հեռավորությամբ: Պատը վերևում վերջանում է երկու սենյակով, որի դռներն ու լուսամուտը երևում են: Սենյակների տանիքը եղել է կամուրջի հատակը, որ անշուշտ շինված է եղել փայտից: Այժմ փայտաշեն հատակը չկա» Կամուրջն ըստ Քաջբերունու անուն չունի, սակայն ժողովուրդը, չգիտես ինչու, այն կոչում է «Պասկևիչի կամուրջ»: Վ. Հարությունյանը նշում է, որ այն կոռուցվել է XVII դարում: Տեղացիների մոտ տիրապետող է այն կարծիքը, որ կամուրջը կառուցվել է ռազմավարական նպատակներով:

Արտավանի կամուրջը (XVII դար) գտնվում է գյուղի մեջ:. Քաջբերունին այդ կամրջի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ է հաղորդել:«…Մի առատ առու սկիզբն առած մերձավոր բազմաթիվ աղբյուրներից և անցնելով գյուղի մեջ մի փոքր հնաժամանակյա կարմրաշեն քարե կամուրջի տակից արագությամբ զառիվայրով փախչում է դեպի Արփա»: Կամուրջը ոչ միայն կանգուն է նաև մեր օրերում և գյուղի երկու հատվածներն իրար կապող միակ ճանապարհն է:

Օգատգործված գրականություն

1. Հարությունյան Վ., Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960:
2. Դիվան հայ վիմագրության, պրակ 3, կազմեց` Ս. Բարխուդարյան, 1967:
3. Օրբելյան Ստ. ,Սյունիքի պատմություն, Երևան, 1986:
4. Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողություններ, Երևան, 2003: