Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.144
Բանաստեղծ, գրականագետ, պետական և հասարակական գործիչ Վահան Տերյանը (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ծնվել է Գանձայում (Ջավախքում) 1885թ. փետրվարի 9-ին, մահացել է 1920թ. հունվարի 7-ին Օրենբուրգում 35 տարեկան հասակում: Վահան Տերյանը այնպիսի ներդրում է ունեցել հայ փայլուն քնարերգության զարգացման գործում, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության: Տերյանի ստեղծագործությունները խոր և անջնջելի հետք թողեցին հայ պոեզիայում:
Վահան Տերյանը ավարտել է ծննդավայրի ծխական դպրոցում, այնուհետև սովորել է Ջավախքի քաղաքային դպրոցում: 1897-1899թթ. հաճախել է Թիֆլիսի գիմնազիաn, իսկ 1899թ. թնդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի 3-րդ դասարանը: Եվ հենց ճեմարանում են սկսվել Տերյանի գրական առաջին փորձերը: 1908թ. Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի «Մթնշաղի անուրջներ» առաջին ժողովածուն, որը միանգամից նրան մեծ ճանաչում է բերում: 1913թ. Տերյանը ընդունվում է Սանկտ Պետերբուրգի Համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, որտեղ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ խորանում է հայագիտության, ինչպես նաև արաբերենի, պարսկերենի և վրացերենի ուսումնասիրության մեջ: Վահան Տերյանը հեղինակ է շուրջ 400 բանաստեղծությունների, երեք տասնյակ գրական-քննադատական և հրապարակախոսական հոդվածների:
Վահան Տերյանի հուշարձանը գտնվում է օղակաձև զբոսայգում` իր անունը կրող փողոցի հարևանությամբ: Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2000թ. փետրվարի 9-ին` բանաստեղծի 115 ամյակի օրը: Ճարտարապետն է Համլետ Խաչատրյանը, իսկ քանդակագործը` Նորայր Կարգանյանը: Արձանի նյութը բազալտ է, բարձրությունը` 3 մետր: