«ԳՈՇԱՎԱՆՔ» ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ

«ԳՈՇԱՎԱՆՔ» ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ

«ԳՈՇԱՎԱՆՔ»
ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ

գ. Գոշ

 

Պատմաճարտարապետական արգելոցը  գտնվում է Գոշ գյուղում՝ Դիլիջանից 15 կմ դեպի արևելք:  Արգելոցը գործում է 1974 թ-ից, իսկ 2003 թ-ից գործում է որպես ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի մասնաճյուղ և ներառում է ՀՀ կառավարության կողմից 2004թ-ի դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Գոշավանք վանական համալիրը:

Վանքը  հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի փոխարեն, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ.  երկրաշարժից: Համալիրի կազմավորումն սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է: Սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, ապա ժառանգել է իր հիմնադրի անունը՝ Գոշավանք:

Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն ու պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ (ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ): Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթները, այնուհետև իրենք են այլ տեղերում ստեղծել հոգևոր դպրոցներ:

Մխիթար Գոշի վանահայրության օրոք այստեղ կառուցվել են Ս. Լուսավորիչ փայտակերտ և Ս. Հովհաննես-Կարապետ փոքրիկ եկեղեցիները (չեն պահպանվել), Ս. Աստվածածին եկեղեցին իր գավթով: Վանքի կառուցապատումը շարունակվել է մինչև XIII դ. վերջը:

Նոր Գետիկի ճարտարապետական համալիրի մասը կազմող հուշարձանները բաժանված են երկու խմբի: Ձորակի հյուսիսային լանջին  տեղավորված է հիմնական խումբը՝ բաղկացած Ս. Աստվածածին, Ս. Լուսավորիչ, Ս. Գրիգոր եկեղեցիներից, ժամատնից, գրատուն–զանգակատնից,  քաղաքացիական մի այլ շենքից, մատուռներից, պատվանդանավոր խաչքարերից: Այս խմբից հարավարևելք՝ ձորակի հանդիպակաց լանջին, իրարից փոքր-ինչ վեր տեղավորված են Սբ. Հռիփսիմե երկխորան եկեղեցին և մի ավերակ շենք, որը համարվում է Մխիթար Գոշի դամբարանը:

Ս. Աստվածածին եկեղեցի- վանքային համալիրի առաջնեկն է, կառուցվել է 1191-1196 թթ.՝ Մխիթար Հյուսն վարպետի կողմից՝ նյութական օժանդակությամբ Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով և եռանկյունի զույգ խորշերով՝  հարավային և արևելյան պատերին: Մուտքերից գլխավորը գավթից է, մյուսը՝ հյուսիսային ճակատում: Արտաքին ճարտարապետությունը պարզ է: Ճարտարապետագեղարվեստական շեշտը կազմում են արևմտյան շքամուտքը և տարածական հորինվածքը պսակող մարմնեղ թմբուկի վերնամասով անցնող զարդագոտին:

Ժամատուն (արևմտյան կողմից)- կառուցվել է գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո՝ 1197-1203 թթ.՝ աջակցությամբ  Զաքարե և Իվանե եղբայրների: Պատկանում է քառասյուն ժամատների  տիպին՝ արևելյան անկյուններում զույգ ավանդատներով: Ծածկի համակարգի համար բացի չորս սյուներից հենարան են ծառայում պատերին կից ութ որմնասյուները: Կենտրոնական հատվածը պսակված է երդիկով: Արտաքին և ներքին պատերը հարդարանքից զուրկ են:

Ս. Գրիգոր եկեղեցի- կառուցվել է 1241 թ. գլխավորի հարավային կողմում, և ունի ավելի փոքր չափեր:

Ս. Լուսավորիչ- Գոշավանքի երրորդ եկեղեցին է՝ կառուցված 1237-1241 թթ.՝ ժամատան հարավային պատին կից՝ իշխան Գրիգոր Տղայի միջոցներով (ով սատար է եղել նաև Սբ. Գրիգոր եկեղեցու կառուցմանը): Այս գողտրիկ եկեղեցին իր ժամանակներում քիչ հանդիպող միանավ բազիլիկ տիպի է՝ երկլանջ կտուրի տակ առնված թաղակապ ծածկով: Վանքի մյուս եկեղեցիներից տարբերվում է նաև արտաքին պատերի բացառիկ դեկորատիվությամբ, նրբակերտ զարդաքանդակներով ու ճարտարապետական տարրերով: Առանձնապես ուշագրավ է արևմտյան պատի մշակումը գեղեցիկ շքամուտքով, պատերի դեկորատիվ կամարների ու անցումային կիսակամարների (ինչպես Դեղձուտի վանքի եկեղեցու) և արևելյան պատի լուսամուտի հարուստ ձևերով:

Գրատուն-զանգակատուն – այս կրկնահարկ շենքը ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան է: Շինության գրատունը կառուցվել է 1241 թ., զանգակատունը՝ 1291 թ.: Գրատան մասը նման է Հաղպատի վանքի գրատանը: Քառակուսի հատակագիծ ունեցող շենքում հանդիպակաց  ներքին պատերն իրար են կապված զույգ ցածրադիր որմնամույթերին հենվող հուժկու կամարներով, որոնք ներքին տարածության վերնամասում փոխադարձաբար հատվելով՝ կրում են գրատան ծածկը և նրա վերնաշենք-զանգակատունը: Գրատան ներսի պատերում կան խորշեր` ձեռագրեր պահելու համար: Գրատան վրա հավելված զանգակատունը լիովին ներդաշնակվում է գոյություն ունեցող ներքնահարկի հետ, և միասին հիմք են ծառայել կրկնահարկ եկեղեցի-դամբարանների (Եղվարդի Ս. Աստվածածին, Ամաղու Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտան) հատակագծային և ծավալատարածական հորինվածքի կազմավորման համար: Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում սրա ծածկի կենտրոնական մասի կառուցվածքը, որտեղ անցումը դեպի բազմանկյունի լայն երդիկը կատարված է  շեղակի դրված քարե հեծանների միջոցով, որոնք իրենց միջին մասերում ունեն եռատերև փորվածքներ (ինչպես գեղագիտական, այնպես էլ վերին լույսը ավելի լայն անկյունով սփռելու նպատակով):

Հուշարձանախմբի զարդն են կազմում մեծատաղանդ Պողոս (Պաւղոս) քարագործ-վարպետի կողմից 1291 թ. կերտած և Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով էլ «ասեղնագործ» մականունն են կրում: Այսպիսի մի խաչքար էլ կանգնեցված է Ս. Հոգի կոչված մատուռի մուտքի աջ կողմում: Հանդիսանալով հայկական խաչքարերի լավագույն նմուշներ ու միջնադարյան հայ զարդարվեստի գլուխգործոցներ՝ այդ խաչքարերը լայն ճանաչման ու բարձր գնահատանքի են արժանացել:

Գրատուն-զանգակատան շենքի հյուսիսարևմտյան կողմում  տեղադրված ու երբեմնի փայտածածկ շենքը, որից պահպանվել են միայն պատերը, ենթադրաբար եղել է վանքի միաբանության սեղանատունը կամ դպրոցը:

Հուշարձանախումբը նորոգվել է 1950-1960-ական թթ. (հեղինակ` Հ. Գասպարյան, Յու. Թամանյան):

Վանական համալիրին կից գործում է  փոքրիկ ցուցադրություն, որտեղ ներկայացված են ազգագրական բնույթի շուրջ 100 նյութեր:

ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 9-ի N616 որոշմամբ այն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:

 

 

Հուշարձանի վերաբերյալ հիմնական գրականություն

 

Յու. Թամանյան, Շ. Ազատյան, Գոշավանք, չափագրություններ և լուսանկարներ, Ե., 1974

Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Ե., 1992

О. Халпахчян.  Архитектурные ансамбли Армении. М., 1980.

Goshavank. Milano, 1974 (Documenti di architettura Armena, N 7).

 

Տեսարաններ համալիրի հուշարձաններից