Պետ. ցուցիչ` 9.31.1
Հուշարձանը գտնվում է Վայոց Ձորի մարզի Հորս գյուղում: Գյուղն ունի գերեզմանոց (XII-XIV դդ.), որտեղ մեծ թիվ են կազմում խաչքարերը: «Վանք» գյուղատեղին գտնվում է Գեղասարի գագաթին: Գյուղը հատկապես առանձնանում է իր խոնարհված եկեղեցով, խաչքարերով ու տապանաքարերով:
Այստեղ է գտնվում նաև Չեսարի դարպասը (նշանակում է Չեսարի ապարանք), որի վերաբերյալ մեզ վկայություններ են հասել դեռևս Ստեփանոս Օրբելյանի ժամանակներից: ՀՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, հնագետ Հուսիկ Մելքոնյանը, խոսելով հայ իշխանական կառույցների մասին, ասաց, որ Հայաստանում շատ քիչ են պահպանվել իշխանական տներ և դրանցից մեկը Հորսում գտնվող Չեսար Օրբելյան իշխանի կողմից կառուցած դարպասը: «Շատ արժեքավոր է,- գրում է Սարգիս Բարխուդարյանը,- գյուղամիջում պահպանված մի հին բնակելի տուն, որը բաղկացած է եղել երկու մասից` բուն տունը և դրա առաջի սրահը»: Տունը ծածկված է եղել փայտյա գերաններով, որոնք հենվել են չորս քարե սյուների վրա: Այդ սյուների բեկորները և հսկա քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը այսօր պահպանվում են: Պահպանվում են նաև կամարակապ դռան երկու կողմերում գտնվող չորսական պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են և կարծես երկհարկ լինեն: Վիմագիր արձանագրությունների մեջ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը: Տունը (XIII-XIV դդ.) կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և պահպանվել մինչև XX դարի կեսերը: Տարաբախտաբար, երկար տարիներ այդ տանն ապրել են թուրքեր: Իր «Ճանապարհորդական նկատողություններ» գրքում Քաջբերունին գրել է. «…Այս տան պես հոյակապ ամբողջ Դարալագյազում չեք կարող գտնել»: Իսկ Սեդրակ Բարխուդարյանն ուղղակի արձանագրում է, որ տունը համարվում է XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից:
2014թ հաստատված պլանի համաձայն նախատեսված էր Չեսարի դարպասում սկսել պեղումներ, որով կտրվեին բազմաթիվ չպարզաբանված հարցերի պատասխաններ և, երևի անհրաժեշտություն կլիներ արևելյան հայաստանում վերականգնել և ունենալ թեկուզ մեկ արքունական տան օրինակ: