ՋԱՆՖԻԴԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՋԱՆՖԻԴԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Արմավիրի մարզ, պետ. ցուցակ` 4.83.1

Գյուղը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, որի մասին վկայում են բազմաթիվ հնագիտական գտածոներ

Հողաշինական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Ք.ա. 3-րդ հազարամյակին վերագրվող քարե սկահակ, պատրաստված միակտոր բազալտից: Գյուղին հարակից ավազահանքում (որն հանդիսացել է Արաքս գետի նախկին հունը) հայտնաբերվել է Ք.ա. 1-ին հազարամյակի պղնձե մեծ կաթսա, որը պատրաստված է միակտոր պղնձից, կռման եղանակով: Կաթսան ունի թռչնակերպ բռնակներ, որը հիմք է տալիս ենթադրելու, որ այն օգտագործվել է ծիսական արարողությունների ժամանակ: Ավելին, Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրը, Վանի թագավորության նշանավոր վարչական կենտրոններից մեկը` Արգիշտիխինիլին, գտնվում են Ջանֆիդայից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա, և չի բացառվում, որ այդ կաթսան օգտագործվել է հիշյալ քաղաքների քրմական դասի կողմից: Ինչպես վերոհիշյալ քարե սկահակը, այնպես էլ այս ծիսական կաթսան պահվում և ցուցադրվում են Սարդարապատի հայ ազգագրության և ազատագրական պայքարի պատմության պետական թանգարանում:

Ջանֆիդա գյուղի տարածքում հայտնաբերվել է նաև ուրարտական Սարդուրի 2-րդ թագավորի սեպագիր արձանագրությունը, որը հաստատապես վկայում է նրա հնագույն ժամանակներից բնակեցված լինելու իրողության մասին:

1990-ական թվականներին շինարարական աշխատանքների ժամանակ մոտ 3 մետր խորության վրա գյուղի բնակիչ Սլավիկ Հարությունյանը հայտնաբերեց պատմամշակութային եզակի նշանակություն ունեցող մի կոթող: Տուֆ քարից պատրաստած գրեթե 2.5 մետր բարձրություն ունեցող կոթողի վրա քանդակված է Մարիամ Աստվածածինը՝ փոքրիկ Հիսուսի հետ: Կոթողը չունի թվագրություն, սակայն պատրաստման ոճից կարելի է ենթադրել, որ քանդակվել է VI-VII դարերում և հետագա խաչքարային արվեստի նախատիպերից է:

Գյուղից ոչ հեռու պահպանվում է միջնադարյան խաչքարի մի հատված, որի վրա հստակ երևում է խաչքարի կանգնեցման թվականը՝ 923թ.: Ջանֆիդա գյուղում 1968թ. կառուցվեց Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին նվիրված հուշարձան կոթող, որի հեղինակել է նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը:

Օգտագործված գրականություն

1. Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն,Եր., 1992:
2. Միքայելյան Վ. Ա., Արմավիրի մարզ. պատմամշակութային ակնարկ, Եր., 2010: