ԲԱԳԱՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ԲԱԳԱՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Արմավիրի մարզ, պետ. ցուցիչ` 4.28/1

Երվանդունիների արքայատոհմի ներկայացուցիչ Երվանդ Վերջինը Երվանդաշատ մայրաքաղաքի հիմնադրումից հետո կառուցեց նաև նոր հոգևոր կենտրոն՝ Բագարանը: Այն գտնվում էր Ախուրյան գետի աջ ափին:
Երվանդ Վերջինը Բագարանում քրմապետ էր նշանակել իր եղբորը` Երվազին։ Պատմական հայտնի իրադարձությունների արդյունքում ընդհատվում է Երվանդունիների հարստության գահակալումը և Արտաշես Ա–ն, բազմելով հայոց գահին, հիմնադրում է թագավորական նոր հարստություն: Արտաշեսի հրամանով Բագարանից կուռքերը տեղափոխում են նորակառույց Արտաշատ մայրաքաղաքը: Արտաշեսյանների գահակալության շրջանում Բագարանն աստիճանաբար կորցնում է իր երբեմնի դերն ու նշանակությունը: Քաղաքային կյանքը վերստին ակտիվանում է VIII դարի վերջերին: Քաղաքը հայտնի է իր երեք եկեղեցիներով` Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ:

Հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում Շուշանիկ եկեղեցին: Հավանաբար այն կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք (914-918թթ.) : Ըստ ավանդության՝ հայոց իշխանի մանկահասակ դուստրը՝ Շուշանիկը, շրջելով Բագարանի շրջակայքում, մոլորվում և այդպես էլ չի գտնվում: Փոքրիկ Շուշանիկի հայրը Ախուրյանի ձախ ափին, ենթադրաբար այն վայրում, որտեղ կորել էր Շուշանիկը, կառուցում է եկեղեցի: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն` բագարանցի տիկին Շուշանը, գտնվելով Ախուրյանի ձախ ափին, ուշանում է պատարագից և այդ պատճառով կառուցում է մի նոր եկեղեցի և անվանակոչում Շուշանա վանք: Այսօր էլ եկեղեցին վեր է հառնում մեր առջև, սակայն վերանորգման կարիք ունի:

Ձորի գագաթին է գտնվում Ս. Թեոդորոս եկեղեցին: Այն հիմնադրել է Բուտ Առավելյան իշխանը 624թ., իսկ կառուցումն ավարտել է իշխանի կինը՝ Աննան (631 թ.)։ Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով նման է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։

Հին և ակնահաճո կառուցվածք ունի նաև Ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և նշանավոր ուխտատեղերից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի (1030թ):

Բագարանից պահպանվել են նաև բերդապարիսպի, տների, գերեզմանների մնացորդներ Ախուրյանի աջ և ձախ ափերին:

Օգտագործված գրականություն

1. Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն,Եր., 1992:
2. Միքայելյան Վ. Ա., Արմավիրի մարզ պատմամշակութային ակնարկ, Եր. 2010: