Արարատի մարզի Արարատ գյուղը գտնվում է Երևան-Երասխ մայրուղու վրա` մարզկենտրոն Արտաշատից 20 կմ հարավ-արևելք: Գյուղը Հայաստանի հին բնակավայրերից է, որի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. II-I հազ. ամրոցի մնացորդներ: Հնում ունեցել է Դավալու, Դավալի, Դևրլի անվանումները, որը բառացիորեն նշանակում է «ուղտի տեղ»: Գյուղը հիմնադրվել է 1828-29թթ. Պարսկաստանի Մակու, Սալմաստ, Ասլանիկ, Դիրիշիկ, Զևաջուկ բնակավայրերից ներգաղթած հայերի կողմից: 1935թ. վերանվանվել է Արարատ: Գյուղի տարածքում գործել է գինու գործարան, որը. հիմնել է հայտնի գործարար Շուստովը 1906թ: Գյուղի հին դպրոցում դասավնդել է հայտնի մանկագիր Աթաբեկ Խնկոյանը:
Արարատ գյուղի հարավ-արևելյան մասում է գտնվում Ս. Հակոբ եկեղեցին /պետ. ցուցիչ` 3.15.4./, որը կառուցվել է 1866թ.: Այն բազիլիկ կառույց է, ունի երեք մուտք` հյուսիսային, արևմտյան, հարավային: Նրան կից 1891թ. կառուցվել է զանգակատուն, որը 2008-10թթ վերակառուցվել է Սամվել և Ստեփան Վարդանյանների օժանդակությամբ: Եկեղեցու բակում, Զորավար Անդրանիկի և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների կողքին կանգնեցվել է նաև սպարապետ Վ. Սարգսյանի հուշաքարը:
Գյուղում գտնվում է Արարատի հիմնադրման 150 ամյակին և երկրորդ աշխարհամարտում զոհված հայորդիներին նվիրված հուշահամալիրը (Ճարտարապետ` Լ. Էլոյան) /պետ. ցուցիչ` 3.15.5./: Այն կառուցվել է 1976-78թթ., իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1983թ. մայիսի 9-ին: Հուշահամալիրը տուֆակերտ է, բաղկացած երկու քանդակներից: Դեպի երկինք է խոյանում չորս սյուներին հենված հավերժություն խորհրդանշող կոթողը` զարդարված պտղաքանդակներով:Գյուղի Մշակույթի տան բակում է գտնվում Ստեփան Շահումյանի արձանը: Այն պատրաստված է բազալտից, բուն արձանի բարձրությունը 2.5 մ է, իսկ պատվանդանինը` 2մ: Հուշարձանը տեղադրվել է 1971թ.:
Արարատ գյուղում է ծնվել Հայաստանի նորանկախ պետության ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը: Ծննդյան 43-րդ տարեդարձի օրը` 2001թ. մարտի 5-ին, բացվել է նրա տուն-թանգարանը, որի բակում տեղադրված է սպարապետի կիսանդրին:
Օգտագործված գրականություն
1. Մանուկյան Մ., Հայստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Եր., 2013:
2. Հակոբյան Թ., Սովետական Հայստանի քաղաքները, Եր., 1977: