Լոռու մարզ, գ. Վարդաբլուր, պետ. ցուցիչ` N 5.104.9
Ըստ ժողովրդական ավանդազրույցի` «Ջիգր – ջգրու» նշանակում է սրտնեղած, այսինքն` այս արտահայտության միջոցով փորձ է կատարվում որոշակիորեն վերլուծելու ինչպես շարքային, այնպես էլ համայնքային բնույթի փոխհարաբերությունները, որն էլ ժամանակի ընթացքում իր արտացոլումն է գտել կառուցապատման բնագավառում:
Եկեղեցաշինության մեջ հայտնի` «Ջգրաշեն» անունն առաջացել է այսպես կոչված մրցակցության արդյունքում, երբ մեկը` մյուսի հետ մրցակցության մեջ մտնելով` փորձել է ավելին անել կառուցապատման ոլորտում, քան` հարևանը կամ մրցակիցը…
Նման մրցակցության վառ ապացույց են Սանահին – Հաղպատ համայնքների վանական համալիրների կառուցման փոխհարաբերությունները (հիշենք «…եթե Սա` նրանից հին է, Սանահին… ապա` սա էլ` Հաղթական Պատ է, Հաղպատ…»):
Նման մրցակցությունից, կարծես թե ետ չեն մնացել նաև Գյուլագարակ և Վարդաբլուր հարակից համայնքները, քանի որ Գյուլագարակ համայնքում կար V դարի միանավ բազիլիկ ոճի «Տորմակ» եկեղեցին, ապա Վարդաբլուրը ետ չմնալով հարևան համայնքի հետ մրցակցությունից, նույն ժամանակաշրջանում` կառուցում է մեկ այլ միանավ բազիլիկ ոճի` Ջգրաշեն եկեղեցի…
Ջգրաշեն միանավ թաղածածկ եկեղեցին (V-VI դդ.) գտնվում է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղից դեպի հյուսիս ձգվող հարթակի եզրին` Ձորագետի վտակի ափին:
Հորինվածքը բաղկացած է արևելյան կիսաշրջանաձև հատակագծով և պայտաձև կամարով խորանով ավարտվող դահլիճից (5,6 x 13,17 մ), նրա հյուսիս-արևելյան կողմում գտնվող ավանդատնից, իսկ հարավ-արևելքից` բաց աբսիդից: Եկեղեցին կառուցված է սրբատաշ բազալտից: Որմնապատերը վեր են խոյանում երկաստիճան որմնախարսխի վրա։ Ցավոք, ծածկը չի պահպանվել։ Ավանդատունը ծածկված է խաչվող թաղերով, ունի աբսիդ և միակ դուռը բացվում է աղոթասրահի բեմառաջքից: Արևմտյան պատին արտաքուստ առկա է կիսաշրջանաձև հատակագծով ևս մի աբսիդ: Եկեղեցին ունի 3 մուտք՝ երկայնական պատերում և արևմտյան հատվածում։ Հարավային պատի լուսամուտի վրա կան խաղողի որթեր` եռաթերթ և բազմաթերթ տերևներով։ Արտաքին պատերի շարվածքում պահպանված են կենդանիների քանդակներ (խոյի գլուխ, եղջերու…), իսկ բազալտե պահունակները նախատեսված են ծածկը կրելու համար: Նման քանդակները իրապես բացառիկ են Հայաստանի վաղ միջնադարյան շինությունների համապատկերում:
Ջգրաշեն եկեղեցին արժեքավոր է նաև իր զարդաքանդակներով:
Քանդակազարդ պահունակների նմանօրինակ ոճը եզակի երևույթ է հայ ճարտարապետության վաղ միջնադարյան հուշարձանների շարքում: Արևելյան և արևմտյան պատերն ունեն դասական ճակտոններ` հորիզոնական գոտիներով, մշակված պայտաձև կամարիկներով և նրանց միացման անկյուններում`եռանկյուններով: Արևմտյան լուսամուտի պարակալի կամարիկների շարքին զուգահեռ` վերևից կա նշտարաձև տերևներով ևս մի գոտի:
Վարդաբլուրի շրջակայքում պահպանվել են նաև Սբ. Սարգիս, Սբ. Խաչ, Սբ. Գևորգ մատուռները և գերեզմանոցները, ինչպես նաև միանավ բազիլիկ ոճի կառույց շրջափակված բերդապարսպով և Սբ. Աստվածածին եկեղեցին:
Օգտագործված գրականություն
1. ՀՍ հանրագիտարան, Երևան, 1985թ.