ԱՄՐՈՑ ԹԵՅՇԵԲԱԻՆԻ /ՕՁԱԲԵՐԴ /

ԱՄՐՈՑ ԹԵՅՇԵԲԱԻՆԻ /ՕՁԱԲԵՐԴ /

Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովինար, պետ. ցուցիչ` 4.52.1

Թեյշեբաինի ամրոցը կառուցվել է Ք.ա. I հազարամյակում` ներկայիս Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող մի բարձրավանդակի վրա: Այդ բարձրավանդակի եզրերը հյուսիսից նայում են Սևանա լճին, արևելքից զառիվայր իջնում են Արծվանիստ գյուղ, հարավից միանում են լեռներին, իսկ արևմուտքից լանջերի թեքությունը քիչ է, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի ժայռը ամրացնեն պարիսպներով: Բացի գլխավոր պարսպից ամրոցն ունեցել է նաև երկրորդ պարիսպ, որն ընդգրկել է ամրոցն ու միջնաբերդը, և նրանց շրջակայքում տարածված բնակատեղիները` կառուցված Ք.ա. I հազարամյակ /պետ.ցուցիչ` 4.52.1.1/: Այս բնակատեղիներում հանդիպում ենք տարբեր ժամանակներին առնչվող կառուցվածքների: Դեպի հյուսիս-արևելք շարունակվող գլխավոր պարսպաշարն ապահովում է ամրոց տանող ճանապարհների անվտանգությունը: 2015 թ. «Էթնոս» Էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն այս տարածքում իրականացրել է պեղման աշխատանքներ /թույլտվություն` N 41/:

Ամրոցի գերիշխող մասը գրավել է քառանկյունի ձև ունեցող միջնաբերդը, որն իր երկու կողմերում ունի դեպի ներս նայող աշտարակներ: Միջնաբերդի հյուսիս-արևմտյան պարսպի կենտրոնում 2 մետր լայնությամբ մուտքն է` ամրացված աշտարակներով, որոնցից հարավ-արևմտյանն ամենահզորն է: Հիմնական պարիսպներն ու որոշ աշտարակներ վերակառուցված են:

Ամրոցի պատերն ունեն երկշար կառուցվածք` երկու կողմից խոշոր բազալտների արանքը լցված է մանր քարերով:

Ամրոցի հարավային կողմում` հարավ-արևմտյան ուղղությամբ ձգվում է տարբեր չափերի կրոմլեխներով ընդարձակ դամբարանադաշտը /Ք.ա. I հզմ, պետ. ցուցիչ` 4.52.1.2./:

Ամրոցի հյուսիսային կողմի քարաժայռի վրա փորագրված է ուրարտական թագավոր Ռուսա 1-ի սեպագիր արձանագրությունը, ինչից իմանում ենք, որ նա գրավել է այստեղ գոյություն ունեցող մի ամրոց, վերակառուցել է այն և անվանել «Թեյշեբա աստծո քաղաք» /Ք.ա.735-714թթ., պետ. ցուցիչ` 4.52.1.3 /:

Հուշարձանի հետագա պահպանության նպատակով սահմանված գոտին զբաղեցնում է 99 հա հողատարածք:

Օգտագործված գրականություն և փաստաթուղթ
1. Գ.Հ. Միքայելյան, «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ
3. ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմած և ՀՀ մշակույթի նախարարի կողմից 2007թ. հաստատված` հուշարձանի պահպանական գոտու նախագիծ: