ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

2018-03-29T16:00:43+00:00 01/12/2015|Վայոց Ձոր|

ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժինը` ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության և «Գլաձորի համլսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանների աշխատակիցների հետ համատեղ, Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքի միջնակարգ դպրոցում անցկացրել է մարզի պատմամշակութային հուշարձաններին, պատմությանը և աշխարհագրությանը նվիրված «Ճանաչենք մեր մարզի պատմամշակութային գանձերը» խորագրով ինտելեկտուալ մրցույթը:

Ծրագրի հիմնական նպատակը սահմանամերձ համայքնի դպրոցականների շրջանում մարզի պատմամշակութային հուշարձանների հանրահռչակումն է, դրանց վերաբերյալ հարուստ տեղեկատվություն փոխանցելը: Մրցող «Նորավանք» և «Ընկզարաթ» թիմերի կազմում ընդգրկված են եղել դպրոցի VII-VIII-րդ դասարանների աշակերտները: Միջոցառումն անցկացվել է թիմերի ակտիվ մասնակցությամբ և թեժ պայքարի մթնոլորտում: Ընդմիջումներին ազգագրական երգով ու պարով հանդես են եկել դպրոցի շնորհալի երեխաները: Մրցույթին ներկա են եղել ուսուցիչներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ:

Հաղթող է ճանաչվել VII-րդ դասարանցիների «Ընկզարաթ» թիմը, որի անդամներն արժանացել են ՊՈԱԿ-ի պատվոգրերի, շնորհակալագրերի և մրցանակների: Իսկ համայնքի դպրոցը նվեր է ստացել ՊՈԱԿ-ի հրատարակած` Թ. Թորոմանյանի «Անիի մայր տաճարը» պրակը:

Մրցույթի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես են եկել հանձնաժողովի նախագահ` Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Ավագ Գաբրիելյանը, կրթօջախի տնօրեն Սուրեն Թադևոսյանը և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը: Նրանք կարևորել են սահմանամերձ համայնքներում նման ձեռնարկների իրականացումը և շնորհակալություն հայտնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ գեղեցիկ և ուսուցողական միջոցառում կազմակերպելու համար: