Բենիամին գյուղը, որի հին անունն ըստ Ղ.Ալիշանի «Ճլօֆխան կամ Ճալովխան» է, հիմնադրվել է 1828-1830-ական թվականներին` պատմական Դրասխանակերտ քաղաքի տարածքում: Բենիամինը Շիրակի մարզի այն գյուղերից է, որը հարուստ է մարդկության գրեթե բոլոր ժամանակաշրջանները մարմնավորող պատմական հուշարձաններով: Դրանցից առաջինը Բենիամինից 2.5 կմ հյուսիս-արևմուտք, Դրասխանակերտ քաղաքատեղիից քիչ հեռու գտնվող վաղ բրոնզեդարյան բնակատեղին է, ուր առկա են Ք.ա. V-II հազարամյակի մեգալիթյան կառույցներ, որոնք մեծակերտ, դամբարանային կամ պաշտամունքային շինություններ են` կառուցված անմշակ մեծածավալ քարերով: Առավել արժեքավոր է Բենիամին-Բայանդուր ճանապարհից հարավ` 2-2.5 կմ արևմուտք ընկած Ք.ա. II-I հազարամյակի դամբարանադաշտը: Իսկ գյուղից կես կիլոմետր դեպի արևմուտք՝ փռված է Դրասխանակերտ քաղաքատեղին, որը գոյություն է ունեցել Ք.ա. V դարից մինչև Ք.հ. IV դարը: 1989 թվականից այստեղ սկսվում են հնագիտական աշխատանքներ: Ժամանակին Արևիկ-Մարալիկ ջրագծի շինարարության նպատակով փորվել էր մի խրամատ և հողային աշխատանքների հետևանքով բացվել էին մշակութային շերտեր:
Խրամատում ի հայտ էին եկել պատերի շարվածքներ, մի քանի քարարկղային թաղումներ, իսկ հանված հողը հարուստ էր խեցեղեն իրերով: Պեղումների արդյունքում պարզվում է, որ հուշարձանը բազմաշերտ է, կազմված է բնակավայրից և քաղաքատեղիից արևելք գտնվող Ք.ա. III – Ք.հ. IVդդ դամբարանադաշտից: Բացվել են երկու պալատական շինություններ, որոնք՝ ըստ հետազոտողների, եղել են սրբատեղիներ: Առաջինը գտնվում է բլրի վրա և պատկանում է Ք.ա. V-I դարերին: Երկրորդ շինությունը, որը Ք.ա. I դարից մինչև Ք.հ. I դարերի կառույց է, գտնվում է Գյումրի տանող ճանապարհի ձախ կողմում: Խոսելով պալատական շինության մասին, պետք է նշել, որ դարավանդի վրա կառուցված կոթողային շենքը, բնակավայրի` այդ ժամանակաշրջանի, այսինքն` Ք.ա. I դարի ինքնատիպ կառույց է և պատահական չէ, որ շրջակայքում հայտնաբերված բնակելի և տնտեսական նշանակության համալիրները ստորադասվել են դրան: Շենքը կառուցված է հյուսիս-հարավ փոքր-ինչ շեղված առանցքով և ունի ուղղանկյուն ձև: Նախապես այն բաղկացած է եղել երկու` արևելյան և արևմտյան թևերից և ունի 34.5 X 21 մ արտաքին չափսեր: Հետագայում՝ արևմտյան կողմում, այլ ընդարձակվում է ևս մեկ կառույցով: Շենքի թե′ արտաքին, և թե′ ներքին պատերը հիմնականում պահպանվել են: Կառույցի արևելյան թևը բաղկացած է սյունազարդ դահլիճից և դրան հարավից հարող երկու սենյակներից: Դահլիճի մուտքը գտնվում է հարավային կողմում, ունի 1,1մ լայնություն և կենտրոնից փոքր-ինչ շեղված է դեպի արևելք: Դահլիճն ունի մոտ 19.5 X 9.5 մ չափսեր: Այն սյունաշարերով բաժանված է երեք՝ գրեթե հավասար նավերի: Սյուների տասներկու տորաձև խարիսխներից պահպանվել են տասը: Սյունազարդ դահլիճը, հավանաբար, ունեցել է հարթ ծածկ: Կենտրոնական սյուների տեղադրման առանձնահատկությունից կարելի է եզրակացնել, որ դահլիճի կենտրոնում ծածկն ունեցել է թաղի ձև: Շենքի գործառությունը դեռևս պարզ չէ: Ըստ շենքի ճարտարապետության և հայտնաբերված նյութերի` առայժմ կարելի է միայն վարկածներ առաջադրել նրա գործառության վերաբերյալ, համաձայն որի այն եղել է.
1. քաղաքացիական նշանակության շենք` փոքր պալատ կամ պաշտոնատեղի,
2. ունեցել է պաշտամունքային գործառություն:
Բենիամինի համալիրի վերաբերյալ եղած կրոնապաշտամունքային իրողությունների և հայտնաբերված նյութերի համադրումը առավել հավանական են դարձնում այդ համալիրի հոգևոր գործառությունը և, որ այն հավանաբար եղել է Անահիտ-Աստղիկ-Վահագն աստվածային եռյակին նվիրված տաճար: 1990-ական թվականներին Բենիամին գյուղից 2 կմ դեպի հարավ-արևելք, «Գիլանու ձոր» կոչվող վայրում հայտնաբերվել է նաև վաղ միջնադարյան գյուղատեղի, որից միայն պահպանվել են աննշան հետքեր: Իսկ Թուխ Մանուկ գյուղատեղին գտնվում է գյուղից արևելք` բլրի լանջին, ուր մարդիկ ապրել են V-XVII դարերում: Գյուղատեղիի արևմտյան մասում վաղ միջնադարյան գերեզմանոցն է, իսկ բլրի գագաթին Թուխ Մանուկ մատուռ-սրբատեղին: Ի սկզբանե այն եղել է ժայռափոր, ուր մարդիկ եկել են ուխտի: Մատուռում X-XI դարերին բնորոշ մի խաչքար կա: Հետագայում` XIX դ, գյուղացիները մի փոքրիկ շենք են կառուցել ժայռափոր մատուռի շուրջ` ընդգրկելով նաև խաչքարը:
Բենիամին գյուղի եկեղեցին կառուցվել է 1871 թվականին: Այն միանավ բազիլիկ կառույց է` շարված սև տուֆ քարով: Եկեղեցու մուտքի դռան երկու կողմերում փորված են պարզ խաչեր: Երկշարք փայտե սյուները պահում են փայտե առաստաղը: Խորանի երկու կողմերը զարդարված են եղել որմնանկարներով, որոնցից պահպանվել են միայն աննշան հետքեր: Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես պահեստ: Այժմ այն մաքրված է ավելորդություններից և գյուղական համայնքի եկեղեցին է: Գյուղի հյուսիսային մասում կա նաև XIX դարի ջրաղաց:
Օգտագործված գրականություն.
1. Ղևոնդ Ալիշան, Շիրակ, Վենետիկ, 1881թ.:
2. Համազասպ Խաչատրյան, «Բենիամինի անտիկ դաստակերտի հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետությունը», Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, գիտական աշխատություններ, Գյումրի, 1999թ.: