Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից 37 կիլոմետր հեռավորությամբ, Մարտունի վարչական շրջանում, Սխտորաշեն գյուղի հանդամասում վեր է խոյանում մի հսկա չինարի ծառ, որն, անգամ, անձնագիր ունի՝ որպես ՍՍՀՄ տարածքի ամենատարեց և ամենաբարձր ծառ: Չինարի ծառը կամ ինչպես արցախցիներն են ասում՝ Տնջրի ծառը շուրջ 2036 տարեկան է, տեղացիների պնդմամբ այն նախկին Խորհրդային Միության երկրներում ամենատարեց ծառն է:
Ծառն ունի 54 մետրից ավել բարձրություն (համարյա 18 հարկանի շենքի բարձրության), բնի շրջագիծը 27 մետր է, ծառ-հսկայի փչակի մակերեսը 44 քմ է, այստեղ կարող է տեղավերվել 100-ից ավել մարդ, իսկ սաղարթների ստվերի մակերեսը զբաղեցնում է համարյա 1400 քմ տարածք: Սխտորաշենի այս հայտնի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին: Ծառի տակից բխում է մի հորդառատ, սառնորակ աղբյուր՝ Տնջրու աղբյուրը, որը դարեր շարունակ հագեցրել է հունձ ու կալ անող շինականի ծարավը, սնել հսկա չինարուն, շարժել ջրաղացի քարը: Ըստ պահպանված վիմագիր արձանագրության, աղբյուրը կառուցել են սխտորաշենցի Հավհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայելյանը և Մանաս Գասպարյանը:
Արցախի զբոսաշրջության «հարավային երթուղին» նախընտրողները հնարավորություն ունեն տեսնելու արցախյան ֆոլկլորի մի մասը կազմող Պըլը Պուղու գերեզմանաքարը, Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի մոտակայքում գտնվող ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառը:
Երբեմն, ապշած ծառ-հսկայի չափերից, մարդիկ տարբեր գրություններ են թողնում փչակում, ու թեև մոմ վառելն արգելված է, քանի որ դա վտանգավոր է ծառի գոյության համար, այնուամենայնիվ, այցելուները հաճախ մոմ են վառում հենց ծառի փչակում: Դժվար է ասել, ինչու են մարդիկ սրբատեղի դարձրել հսկա չինարին, բայց այն, որ Տնջրի ծառը մեկ անգամ տեսնողը այլևս այն չի մոռանում, անվիճելի է: Ահա, թե ինչու է տարեցտարի ավելանում է Տնջրի ծառը տեսնել ցանկացող զբոսաշրջիկների թիվը: