«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետի տեղակալ Լևոն Սահակյանը և հուշարձանների պահապան Կառլեն Քոչարյանը` Դիլիջան քաղաքի և ենթաշրջանի տարածքներ հերթական շրջայցերի ընթացքում խաչքար, տապանաքար և թրծած կավի շրջանաձև հատվածով ենթադրաբար հորի մնացորդներ են հայտնաբերվել:
Տավուշի մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ և քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները իրենց սեփական տան հողամասում շինարարական աշխատանքներ կատարելիս որևէ արժեքավոր օբյեկտ են հայտնաբերում: Նկատի ունենալով այդ հանգամանքը ՊՄՊ մարզային ծառայության պետը հրահանգել էր առավել ուշադիր լինել նմանատիպ աշխատանքների նկատմամբ: Հենց այդօրինակ զգոնության արդյունքում էլ Դիլիջանի Շամախյան թաղամասի բնակիչ Լևոն Ասատրյանի տան հողամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խաչքար /թվագրվում է 12-13-րդ դդ./ և տապանաքար: Հուշարձանների պահապանների կողմից հայտնաբերված թրծած կավի շրջանաձև հատվածով ենթադրաբար հորի մնացորդներն էլ գտնվում են Դիլիջանի Շամախյան թաղամասում գտնվող տեղական նշանակության, պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցուցակում ընդգրկված հուշարձանի` «Մատուռ»-ի /պետ. ցուցիչ` 10.3.128. 9-րդ դար/, մոտ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` գործող սահմանված կարգի համաձայն, նորահայտ օբյեկտները կներկայացնի լիազոր մարմին` օրենքով սահմանված համապատասխան կարգավիճակ տալու համար: