Քաշաթաղի Հայկազյան մելիքական տոհմի ներկայացուցիչները XVI դարի սկզբներից գավառի վարչական կենտրոնը Քաշաթաղից տեղափոխել են 10-12 կմ դեպի հարավ գտնվող Խնածախ բնակավայր, որն էլ Հայկազ I-ի որդի Հախնազարի օրոք դարձել է մելիքանիստ: Մելիք Հախնազարը մահացել է 1551թ.: Նրա աճյունը ամփոփվել է Խնածախում: Մելիքի կնոջ` Սիրոյի նախաձեռնությամբ ամուսնու շիրմին դրված քանդակազարդ տապանաքարը իր գոյությունը պահպանել է մինչև 1930-31թթ. (1926թ. Մ. Հասրաթյանը տապանաքարը տեսել և նկարագրել է իր աշխատության մեջ): Տապանաքարի արձանագրությունից տեղեկանում ենք, որ հոր մահից հետո իշխանությունն անցել է նրա որդի Հայկազին: Հայտնի է նաև, որ Մելիք Հայկազը իշխել է 72 տարի` մինչև 1623թ.:
Գյուղի կենտրոնական հրապարակում` ձորամիջյան ճանապարհի եզրին է գտնվում մելիքական ապարանքը (պետ. ցուցիչ` 8.44.2): Չնայած հուշարձանն անվանապես վերագրվում է Մելիք Հախնազարին, սակայն մի շարք ուսումնասիրողներ գտնում են, որ այն կառուցել է Մելիք Հախնազարի որդի Հայկազ II-ը` XVI դարի վերջին:
Ապարանքը բաղկացած է եղել մի քանի շինություններից, որոնցից միայն մեկն է մեզ հասել: Պահպանված շինությունը երկհարկանի է, առաջին հարկի մուտքը հարավից է, բացվում է ճանապարհի վրա, իսկ երկրորդինը` հյուսիսից` բակի կողմից: Երկու հարկերն էլ թաղածածկ են: Թաղակիր կամարները, հարավային ճակատի անկյունները, մուտքի, պատուհանների շրջանակները շարված են սրբատաշ բազալտով, իսկ պատերի մնացած հատվածները` ճեղքված քարով և կրաշաղախով: Երկու հարկերի հատակագծերն էլ ուղղանկյուն են: Առաջին հարկի դահլիճի չափերն են` 3.9մx6.2մx3.9մ, իսկ երկրորդ հարկինը` 3.9մx6.6մx3.65մ: Ապարանքի պատերն ունեն 1.2մ հաստություն: Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ռադիոհանգույց:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Սյունիքի մարզի տարածքում պահպանված Մելիք Հախնազարի ապարանքը XVI դարի իշխանական տան՝ համեմատաբար լավ վիճակում գտնվող, եզակի նմուշներից է:
Օգտագործված գրականություն
1. Ստ. Օրբելյան, Պատմություն նահանգին Սիսական, Երևան, 1986
2. Մ. Հասրաթյան, Պատմահնագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1985
3. Ս. Հախվերդյան, Գորիսի ամփոփ պատմություն, Երևան, 2005