Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.2.15.
Հայոց հինավուրց հեթանոսական դիցարանի գլխավոր աստվածներից է Վահագն Վիշապաքաղը: Նրան նվիրված երկու հրաշալի հուշարձաններից մեկը գտնվում է Ավան վարչական շրջանում` մայրաքաղաքի հյուսիս-արևելյան եզրին` Սևան տանող մայրուղու սկզբնամասում:
Վահագն Վիշապաքաղի պաշտամունքը մեզ է հասել շատ վաղ ժամանակներից: Նա ամենասիրված ու տարածված աստվածներից էր, և նրան նվիրված գլխավոր ծիսավայրը, տաճարը կամ մեհյանը գտնվել է Տարոն գավառի Քարքե լեռան վրա: Անգամ քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանի շատ վայրերում տևական ժամանակ պահպանվում է նրա պաշտամունքը: Մովսես Խորենացին՝ իր «Հայոց պատմության» մեջ, մեջբերելով մի փոքրիկ պատառիկ Գողթան երգերից, նկարագրում է Վահագնի ծնունդը, որը հայոց վաղ շրջանի բանահյուսության մի անզուգական օրինակ է: Իր «Հայոց պատմության» մեջ Վահագն Վիշապաքաղին է անդրադարձել նաև Ագաթանգեղոսը:
Վահագն Վիշապաքաղի անվան ստուգաբանության, պաշտամունքի և, ընդհանրապես, աստվածության իմաստավորման հարցերով զբաղվել են շատ գիտնականներ: Առաջ են քաշվել բազմաթիվ կարծիքներ ու գիտական վարկածներ: Նա հաճախ բնութագրվում է որպես բարու, կենսատու լույսի, արևի, հուր ու կրակի, շանթ ու որոտի, կայծակի, ուժի ու քաջության, ռազմի ու պատերազմի, հերոսության ու արիության աստվածային մարմնավորող: Սակայն, թե սրանցից որն է եղել ավելի առանձնահատուկ կամ հատկանշական Վահագնի համար, յուրաքանչյուր ուսումնասիրող մեկնաբանել է յուրովի: Վերջին ժամանակներում, կարծես թե, շրջանառվում է այն վարկածը, համաձայն որի Վահագն Վիշապաքաղը եղել է Հայաստանի պետականության ժամանակաշրջանի հեթանոսական կրոնական համակարգում յոթ հիմնական աստվածությունների մեջ երրորդը` Արամազդից ու Անահիտից հետո, պատերազմի, ռազմի ու քաջության, որոտի ու կայծակի աստվածության աստված:
Հուշարձանը տեղադրվել է 1964թ., պատրաստված է կարմրավուն տուֆից, պատվանդանը` բազալտից: Այն հեղինակել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը, ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը: Փոթորկալից ամպերից էլ վեր, աստվածային, հզոր ու առնական Վահագնը շանթահարում է գետնատարած ու ծառս եղած եռագլուխ վիշապին: Հուշարձանի իմաստային և ընդհանրապես գաղափարական արտահայտչաձևը վեհ է ու անմեկնելի: Այն կարծես ձոն է աստվածային գերիշխանության, բարու ու չարի, լույսի ու խավարի հավերժական պայքարին:
Օգտագործված գրականություն.
1. Ս. Գասպարյան, «Վահագն աստծո պաշտամունքի հարցը», Երևան, «Հայաստան» 1993թ.