ԱՄՐՈՑ ԿԱՅԱՆԲԵՐԴ

ԱՄՐՈՑ ԿԱՅԱՆԲԵՐԴ

2016-05-26T11:05:38+00:00 11/05/2016|Լոռի Հուշարձաններ, Լրահոս|

Լոռու մարզ, գյուղ, պետ. ցուցիչ` 5.60.2

Հաղպատավանքի միաբանության և շրջակա գյուղերի բնակիչների համար պատվար ծառայած Կայան ամրոցը գտնվում է Հաղպատ գյուղի հարավարևմտյան մասում` գահավեժ ժայռերով եզերված բարձրադիր նեղ լեզվականման հրվանդանի վրա: Այն երեք կողմից շրջապատված է խոր ձորերով: Բնական պաշտպանական համակարգը ուժեղացվել է մոտ մեկ ու կես տասնյակի հասնող կիսագլանաձև բուրգերով և հզոր պարիսպներով: Բուրգերն ունեն ներքին տարածություն, պաշտպանական նկատառումներից ելնելով պատերում թողել են բացվածքներ: Հիմնական մուտքը հարավային կողմից է, որտեղից հրվանդանը Ջաղացաձորով կապվում է գյուղի հետ: Ձորում ճանապարհն անցնում է Շերեք գետի վրա կառուցված միաթռիչք կամարակապ կամրջի վրայով (XIII դ.): Ամրոցն ունի մոտ 120 մ հարավ-հյուսիս ձգվածություն, իսկ առավելագույն լայնությունը չի անցնում 20 մետրից: Բաղկացած է երկու մասից: Հիմնականը հարավայինն է` տեղադրված ավելի բարձր և հյուսիսային մասից բաժանված առանձին պարսպով, որում կա սրահավոր թաղակապ դարպաս (ներկայումս գտնվում է ավերված վիճակում): Հյուսիսային մասը, որն անմիջապես տեղադրված է Դեբեդի կիրճի եզրին, իր երկարությամբ մոտ մեկ ու կես անգամ պակաս է հարավայինից: Այն արևմտյան կողմից ունեցել է իր առանձին մուտքը: Ներսում պահպանվել են մեծ թվով կացարանների ավերակներ, ջրավազանների և ջրագծերի մնացորդներ` թրծված կավե գունգերով:

Տարածքի հարավային մասում, արևելյան կողմի ժայռի գլխին, շրջակայքից լավ տեսանելի վայրում է գտնվում Դսեվանքի (Դրսեվանք) Սուրբ Աստվածածին ոչ մեծ գմբեթավոր եկեղեցին` դրսից ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով: Մուտքն արևմուտքից է` ձևավորված անպաճույճ եզրակալով: Ուշագրավ է մուտքի բարավորը` երեք առանձին քարից, որոնցից միջինն ունի խաչաթևերի նմանվող կտրվածք, որին էլ հարմարեցված են մյուս երկուսը: Թմբուկի ցածրանիստ համաչափությունները, նրա գոտու կտրված լինելը պատուհանների բացվածքներից, փաստորեն, վկայում են գմբեթի վերափոխված լինելու մասին: Մուտքից վերև՝ ողջ ճակատի երկարությամբ փորագրված շինարարական բովանդակություն ունեցող արձանագրության մեջ հիշատակվում է ամրոցը և եկեղեցին, որը կառուցել է Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ որդի` Հաղպատի վանահայր Հովհաննեսը՝ թվ. ՈՁԲ:

Կայան ամրոցը եղել է միջնադարյան Հայաստանի պաշտպանական կարևոր հենակետներից մեկը և խիստ ուշագրավ է ամրաշինական տեխնիկայի առումով:

Կայան բերդը, որպես դիտակետ ամրոց, իր բարձրադիր դիրքի շնորհիվ՝ հսկիչ դեր է ունեցել ամբողջ ձորի երկայնքով և շրջակա սրբավայրերի նկատմամբ: