ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐԸ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐԸ

Պատմական հանգամանքների բերումով Սյունյաց աշխարհի հոգևոր կենտրոն` Տաթևի վանք պարբերաբար այցելել են նաև ամենայն հայոց կաթողիկոսներ: Այդ այցելությունների կապակցությամբ վանք տանող ճանապարհին երկու հուշաքար է կանգնեցվել: Դրանցից առաջինը Խրիմյան Հայրիկի հուշաքարն է (պետ. ցուցիչ` 8.54.6), որը գտնվում է Հալիձոր գյուղից 1.5 կմ հարավ-արևմուտք` Հալիձոր-Տաթև ճանապարհից ձախ:

Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. Խրիմյանի 1903թ. այցը Սյունիք իրապես նշանակալից իրադարձություն էր: Դա առաջին հերթին պայմանավորված էր այն հանգամանքով, որ Խրիմյան Հայրիկը` որպես հոգևոր և ազգային կյանքի առաջնորդ աննախադեպ մեծ հեղինակություն էր ողջ ժողովրդի համար: Արժանանալով սրտառուչ ընդունելության` Խրիմյան Հայրիկը՝ անսալով Մեսրոպ արքեպիսկոպոսի խնդրանքին, այցելում է նրա ծնողներին: Հյուրասիրության ընթացքում Սանամ մայրիկը խնդրում է կաթողիկոսին «ձեռքը իր որդու գլխին պահի»: Մայրական խնդրանքին Հայրիկը պատասխանում է. «քո որդին այնքան բարձր է կանգնած, որ իմ ձեռքը նրա գլխին չի հասնի»: Կաթողիկոսը Գորիսից ուղևորվում է Տաթև: Սյունեցիները այցի կարևորությունը հավերժացնելու նպատակով` ի պատիվ կաթողիկոսի, հուշաքար են կանգնեցնում:

Խրիմյան Հայրիկի այցից ութսունվեց տարի հետո` բոլորովին այլ պատմական իրադրության պայմաններում տեղի է ունենում ևս մեկ իրադարձություն, որն իր նշանակությամբ համահունչ էր Խրիմյան Հայրիկի այցին: 1989թ. ապրիլի 21-29-ը Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հրավերով Հայաստան էր ժամանել Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Այցի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Երկրորդի կողմից նախատեսված էր ուխտագնացություն դեպի Տաթև: Վեհափառ Հայրապետը ցանկություն է հայտնում միանալ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի այցին: Ապրիլի 26-ին ժամանում են Սիսիան և Սբ. Հովհաննես եկեղեցում իրենց հայրապետական աղոթքն են ուղղում ներկաներին, իսկ հաջորդ օրը՝ մեկնում Տաթև: Ուխտագնացությանը մասնակցում էին նաև Մայր տաճարի լուսարարապետ Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը: Գարեգին Երկրորդին ընկերակցում էին Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը, ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանը՝ իր տիկնոջ հետ և ուրիշներ:

Կաթողիկոսների այցից հետո սիսիանցիները ևս որոշում են հավերժացնել այդ ուխտագնացությունը: Պատրաստվում է հուշակոթողի մի քանի նախագիծ, ընդունվում է ինքնուս-վարպետ Վաղինակ Վարդանյանի նախագիծը: Սյունյաց թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի առաջարկով նախագիծը ներկայացվում է Վեհափառին: Ջերմ ընդունելության արժանացնելով` կաթողիկոսը հավանություն է տալիս նախագծին` ավելացնելով հետևյալը. «ինչքան ուզում են, թող անեն բարձրությունը, բայց անեն այնպես, որ այն բարձր չլինի Խրիմյան Հայրիկի հուշասյունից»:

Հինգ ամիս անց` սեպտեմբերի 26-ին, հանդիսավոր պայմաններում տեղի է ունենում հուշակոթողի բացումը, որին իրենց մասնակցությամբ պատվում են Ռումինիայի և Բուլղարիայի միացյալ թեմի առաջնորդ` Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը, Նյու-Յորքից Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը և ուրիշներ:

Տիրայր արքեպիսկոպոսը իր ելույթում նշում է. «Այս հուշասյունը Սյունյաց աշխարհի բազմաթիվ, բազմահազար արձաններու կողքին, անդրանիկ հուշարձանն է մեր աղետեն` երկրաշարժեն հետո, որպես կենդանության, պայծառության և հավերժության խորհրդանիշ»:

Ամենայն Հայոց Վազգեն Ա. և Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսներին նվիրված հուշակոթողը (պետ. ցուցիչ` 8.54.4) գտնվում է Հալիձոր գյուղից 3կմ հարավ-արևմուտք՝ Հալիձոր-Տաթև ճանապարհից ձախ: