ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2016» ծրագրի շրջանակներում ս/թ հուլիսի 14-ից «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կամավորական աշխատանքների ծառայության հանրապետական շտաբի օժանդակությամբ գործող ճամբար-կայանատեղիում արտերկրից ժամանած 12 կամավորների (Իսպանիա, Ֆրանսիա, Հարավային Կորեա, Ռուսաստան, Գերմանիա) առօրյան բավականին հետաքրքիր է անցնում: Ճամբարականները, ի թիվս այլ միջոցառումների, նաև մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված «Զվարթնոց» տաճարի և շրջակա տարածքի սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքներին:

Օտարերկրացի կամավորների Հայաստանում անցկացրած ժամանակն առավել ուշագրավ դարձնելու նպատակով ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը՝ «Զվարթնոցը մեր աչքերով» ծրագրի շրջանակներում, հուշարձանի տարածքում կազմակերպեց նկարչության դաս-պրակտիկա: Դասն անցկացրեց ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանչահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի մասնագետ, նկարչուհի Անի Գևորգյանը: Մասնակիցներին տրամադրեցին նկարչության համար անհրաժեշտ պարագաներ, բացատրեցին նկարչության հիմունքներին վերաբերող որոշ մանրամասներ: Կամավորները փորձեցին Զվարթնոցը ներկայացնել իրենց աչքերով և ընկալումներով: Արդյունքում ստացվեցին Զվարթնոցի գեղանկարային ուրույն տարբերակներ:

Դասընթացի ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին իրենց ժամանցը հետաքրքիր դարձնելու համար և նշեցին, որ Հայաստանից կհեռանան ոչ միայն գեղեցիկ հիշողություններով, այլև Զվարթնոցի` իրենց իսկ ձեռքով պատկերած էտյուդներով: