«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ» ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ» ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

2018-03-29T16:00:41+00:00 September 26th, 2016|Վայոց Ձոր|

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում «Ժառանգությունը և համայնքը» խորագրի ներքո ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի նախաձեռնությամբ մարզպետարանում են հավաքվել հուշարձանների պահպանության ոլորտի տարածաշրջանի աշխատակիցները։ Վայոց ձորի մարզային ծառայության, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց թանգարանի և «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցներին հյուընկալել է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը։

ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը խոսելով մարզի պատմամշակութային ժառանգության պահպանության և այդ գործում համայնքների ցուցաբերած հոգատարության, նրանց հետ համագործակցության մասին վստահեցրել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը հոգատար ձեռքերում է։ Նրա խոսքով՝ անկախ դժվարություններից, յուրաքանչյուր պահապան հուշարձանների պահպանության իսկական նվիրյալ է:

Մարզպետն ընդգծել է, որ Վայոց ձորի մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգության անգնահատելի գոհարներով և իր պատրաստակամությունն է հայտնել հուշարձանների պահպանության ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր խնդրի լուծման գործում։

Հանդիպման ավարտին ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին է նվիրել «Հայկական պատմամշակութային ժառանգության վավերագրեր» մատենաշարի «Թորոս Թորամանյան․ Անիի Ս. Գրիգոր Լուսավորիչ (Տիգրան Հոնենցի) եկեղեցական համալիրը» պրակը։

«Եվրոպական ժառանգության օրեր»-ին նվիրված միջոցառում է անցկացվել նաև «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ ՊՄՊ Վայոց ձորի մ/ծ, «Արփի» բնապատմական արգելոցը և «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը «Ժառանգությունը և համայնքը» խորագրի շրջանակներում համատեղ կազմակերպել են «ՀՀ Վայոց ձորի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատականի նահանգ. քույր համայնքների ժառանգությունը և նորօրյա ձեռքբերումները» խորագրով լուսանկարների ցուցադրություն:

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը մասնակիցների համար հայ-իրանական բարեկամությանը նվիրված զրույց է անցկացրել:

Միջոցառմանը մասնակցել են Արենի և Վերնաշեն համայնքների դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ: Զրույցից հետո աշակերտները հայ և իրանցի ստեղծագործողների բանաստեղծություններից քառատողեր են արտասանել: Հնչել են Ն.Քուչակի, Ֆրիկի, Նարեկացու, Ֆիրդուսու և Օմար Խայամի ստեղծագործությունները։

ՊՄՊ մ/ծ պետ Մելանյա Դովլաթյանը կարևոր է համարել ոչ միայն գրական ընթերցումները, այլև դրա միջոցով երկու դպրոցների անկախության սերնդի ներկայացուցիչների շփումն ու բարեկամական հարաբերությունների հաստատումը։

Միջոցառման ընթացքում հնչել են Լուսինե Զաքարյանի անմահ կատարումները։