ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

Բագրատունիների թագավորության վերականգնումը, իսկ հետագայում՝ Զաքարյանների իշխանապետությունը, Հայաստանի սահմաններից դուրս Կիլիկիայի հայկական պետության հիմնումը նպաստավոր պայմաններ ստեղծեցին հայկական մշակութային կյանքի զարգացման համար: Բարենպաստ պայմանները չէին կարող ուղղակիորեն չանդրադառնալ հայ իրականության մեջ միանգամայն նոր երևույթ համարվող վարդապետարանների կրթական գործունեության վրա: Կարճ ժամանակահատվածում ստեղծվեցին ուսումնական հաստատություններ, որոնց գործունեությունը խոր հետք թողեց գիտամշակութային կյանքի վրա: Բարձր գնահատելով համալսարանների ուսումնական ծրագրերում ընդգրկված առարկաների կարևորությունը՝ անդրադարձ է կատարվում առավելապես գրչության արվեստին, քանի որ միջնադարում այն եղել է հաղորդակցության ապահովման կարևորագույն աղբյուր: Տեղեկություն հաղորդելն հիմնականում իրականացվել է գրչության շնորհիվ և պատահական չէ, որ գրչությունը համարվել է կարևորագույն արվեստներից մեկը, իսկ գրիչներն էլ եղել են իրենց ժամանակի ամենակրթված մարդկանցից: Գրքեր ընդօրինակելիս նրանք երբեք մեխանիկորեն չեն արտագրել: Անթերի տիրապետել են հայերենի ուղղագրական և քերականական կանոններին, առանց որի իմացության չէին կարող ստեղծել արժեքավոր և մնայուն գործեր: Ժամանակի ընթացքում այն վերածվել է մասնագիտության: Որոշ գրիչներ ընդօրինակել են ձեռագրեր մինչև խոր ծերություն: Օրինակ` Հովհաննես գրիչ Մանգասարենցը 14 տարեկանից մինչև կյանքի վերջը ձեռագրեր է ընդօրինակել: Նշանավոր հոգևոր գործիչ և մատենագիր Գրիգոր Տաթևացին նշել է. «Գրչութիւնն արուէստ է և զամենայն արուէստ պարտ է ուսուցանել և ապա գործել»: Իսկ արվեստագետ Լ. Խեչերյանը՝ խոսելով գրչության արվեստի մասին, ավելացրել է. «… որ գրիչը ոչ թե սոսկ գեղագրական ձիրքով օժտված ընդօրինակող է եղել, այլ հայերենի օրինաչափություններն իմացող, քերականական գիտելիքներով զինված, տեսական որոշակի պատրաստվածություն ունեցող «արուէստաւոր» է»: Գրչության արվեստի զարգացումը մեծապես կապված է Գլաձորի համալսարանի նշանավոր գործիչների ծավալած գործունեության հետ: Նրանց է վիճակված եղել անցյալի հայ մշակույթի ստեղծագործություններն ընդօրինակելու և կորստից փրկելու պատվաբեր առաքելությունը, իսկ այդ գործի կարևորությունը չգիտակցողներին րաբունապետ Եսայի Նչեցին արգելում էր ձեռագրեր ընդօրինակել: Եսայի Նչեցին անձամբ էր հետևում գրության գեղեցկությանն ու անսխալությանը և գրեթե բոլոր ընդօրինակություններն ինքն էր սրբագրում: Լինելով գեղեցկագիր՝ հաճախ գլխազարդում էր իր իսկ գրած ձեռագրերը: Վայոց ձորի գրչապետերն արդյունավետ համագործակցում էին ինչպես հայրենիքում, այնպես էլ նրանից դուրս գործող գրիչների հետ, ինչի արդյունքում ստեղծվել էր հարուստ ձեռագրական հավաքածու: Նրանց հաջողվել է պահպանել ու զարգացնել գեղարվեստական ձևավորման ավանդույթները` իր բազմաբովանդակ և բազմաոճ եղանակներով: Գրիչները փորձել են գրել պարզ, անսխալ և հասկանալի: X դարի մեծահամբավ գործիչ Հովհաննես Իմաստասերը գրել է. «Ձեռս չորանար գնար, գիրս մնար հիշատակ»:

Գրիչների մեծությունն ու վեհությունը նաև այն է, որ իրենք տարբեր դարաշրջաններում ստեղծված գրական գեղարվեստական երկերը փոխանցել են սերնդեսերունդ՝ հասցնելով մինչև մեր օրեր: Գլաձորի համալսարանի նշանավոր գրիչների աշխատությունների մի զգալի մասը պահվում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում և աշխարհի տարբեր երկրների գիտական կենտրոնների պահոցներում: Իրենց ծավալած բեղմնավոր գործունեությամբ հատկապես հայտնի են եղել Եսայի Նչեցին, Տիրատուրը, Պողոսը, Հովհաննես Ծործորեցին, Յակոբ Թագորցին, Մոմիկը, Յովասափը, Կիրակոսը, Կարապետը, որոնցից յուրաքանչյուրի աշխատանքն արվեստի հրաշալի և անկրկնելի գործ է:

Օգտագործված գրականություն
1. Տաթևացի Գ., Գիրք հարցմանց, Երուսաղեմ, 1993:
2. Խաչերյան Լ., Գրչության արվեստ, Երևան, 1959: