«ՄԵԾԱՄՈՐ»-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

«ՄԵԾԱՄՈՐ»-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2017-01-11T12:15:01+00:00 03/11/2016|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ ու ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ այսօր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացվել է «Հայաստանի հնամարդաբանության և հնաժողովրդագրության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրված է Հայաստանի պատմության և հնագիտության XX դարի սկզբի ամենանշանակալի իրադարձություններից մեկին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1916 թ., Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու գլխավորությամբ Վանում իրականացված պեղումների 100 ամյակին:

Հայաստանի լավագույն հնագիտական հուշարձաններից մեկի՝ Մեծամորի պատմությունն ու մշակույթը ներկայացնող արգելոց-թանգարանի ցուցասրահում` ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշեց․ «Միջազգային գիտաժողովի անցկացումն այս հնավայրում խորհրդանշական է, քանի որ այն ինքնին ցույց է տալիս, որ անցյալ դարի սկզբին, դժվարին պայմաններում ձեռնարկված ուսումնասիրությունների արդյունքներն այսօր էլ արդիական են և գիտական ուսումնասիրությունների տեսանկյունից քննարկման ու վերաարժևորման առումով կարևոր»։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով Առաջին աշխարհամարտի դժվարին տարիներին երկու նշանավոր հայագետներ Նիկողայոս Մառի և երիտասարդ Հովսեփ Օրբելու Վանում կատարած պեղումները պատմական մեծ նշանակություն ունեն։ «Պահպանվել են հին լուսանկարներ, որտեղ երևում է, թե ռուս զինվորներն ինչպես են պեղում հուշարձանը։ Այսինքն` նույնիսկ պատերազմի այդ դաժան պայմաններում գիտությունը խիստ կարևորվել է։ Հենց այդ ընթացքում էր, որ պեղումների ժամանակ գտնվեց այն նշանավոր արձանագիր կոթողը՝ Սարդուրի II-ի սեպագիր տարեգրությունը, որն այսօր էլ շատ կարևոր է Վանի թագավորության (Ուրարտուի) բազմաթիվ պատմական անցքերին լույս սփռելու առումով»։

Առաջին աշխարհամարտի ժամանակ ռուսական բանակների հետ Արևմտյան Հայաստան է գալիս նաև նշանավոր մարդաբան Վիկտոր Բունակը, որին հաջողվում է պեղումների ընթացքում Բիթլիսի վիլայեթի Մշո սանջակում բացել խոշտանգված հայերի մի մեծ դամբարան։ Այդ ամբողջ հնամարդաբանական նյութը տեղափոխվում է Մոսկվա, ինչը հետագայում դառնում է ուսումնասիրությունների կարևոր սկզբնաղբյուր, ցեղասպանության ընթացքում հայերի խոշտանգման մասին վկայող կարևոր փաստ։ «Դրանք գիտական շատ կարևոր հետազոտություններ էին, որոնք անգամ պատերազմի տարիներին չեն ընդհատվել»,- ընդգծել է Աշոտ Փիլիպոսյանը։

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի անունից գիտաժողովի մասնակիցներին ողջունել է կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը․ «Գիտաժողովին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք։ Նմանօրինակ միջոցառումները նպաստում են, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել պատմական հայրենիքում հայերի ստեղծած պատմամշակութային բարձր արժեքները։ Վանի պեղումներն այդ առումով անգնահատելի են»։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումով հանդես եկած ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը գիտաժողովը կարևորել է Հայկական լեռնաշխարհի խնդիրների ներկայացման առումով․ «Գիտաժողովի անցկացումը շատ արդիական է, ներկայացված թեմաները` բավականին կարևոր: Վստահ եմ, որ ցանկացած ժողովուրդ` իր նյութական մշակույթի ժառանգորդը լինելով, չբացառելով նաև նոր իրողությունները, ազգային ինքնությունը խարսխում է գենետիկ ժառանգության վրա։ Այդ տեսանկյունից այս գիտաժողովը շատ կարևոր է»։
Վանի պեղումների 100 ամյակին նվիրված գիտաժողովի հայ և օտարազգի գիտնականների բոլոր զեկուցումները տպագրվել են «Հայաստանի հնամարդաբանության և հնաժողովրդագրության հարցեր» գրքույկում։ Միջազգային գիտաժողովի հիմնադրույթների ժողովածուն նախատեսված է մասնագետների, բուհերի հումանիտար ֆակուլտետների ուսանողների և Վանի թագավորության պեղումներով հետաքրքրվողների լայն շրջանակի համար։