ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՊԻ «ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ»

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՊԻ «ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ»

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը հայտնվել է ֆրանսիացի ուխտավորների ուշադրության կենտրոնում։ Օրերս պատմամշակութային արգելոց են այցելել Ֆրանսիայից եկած 100- ից ավել ուխտավորներ, որոնք հետաքրքրված էին մեգալիթյան ժամանակաշրջանի հուշարձաններով։ Նրանց ճանապարհորդությունն սկսվել է Ֆրանսիայից` Կառնակի մեգալիթյան հուշարձաններից և հասել Հայաստան ու «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց։ Մ.թ.ա. III-I հազարամյակների հուշարձաններով հետաքրքրված ուխտավորների համար արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանն էքսկուրսիա է անցկացրել և հանգամանալից ներկայացրել հուշարձանը։ Ֆրանսիացիները, տպավորված տեսածից ու լսածից, ուղևորվել են Իրան՝ մեգալիթյան մեկ այլ հուշարձանի փնտրտուքով, որտեղ էլ նախատեսում էին ավարտել ճամփորդությունը։

Չնայած տարվա այս եղանակին` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը շարունակում է հերթական անգամ իր կողմը ձգել տարբեր տարիքի ու մասնագիտության տեր այցելուների։ Ուսուցչի հետ արգելոցի տարածք են այցելել Սիսիանի ավագ դպրոցի բնագիտական հոսքի աշակերտները։ Արգելոցում անցկացված բաց դասը միտված է եղել հուշարձանը հանգամանալից ներկայացնելուն։ Ուսուցիչն անդրադարձել է հուշարձանի ծիսական, իսկ արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանը` գիտական խնդիրներին։ Հուշարձանը ներկայացնող գիտական մեկնաբանություններն աշակերտների համար բոլորովին նոր տեսանկյուն են եղել, որը նրանց շատ հետաքրքրել է: