ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ (ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 5.74.3) ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ԳՅՈՒՂ ՄԵԾԱՎԱՆ

ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ (ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 5.74.3) ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ԳՅՈՒՂ ՄԵԾԱՎԱՆ

2016-11-11T01:45:49+00:00 10/11/2016|Լոռի Հուշարձաններ, Լրահոս|

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան (մինչև 1978թ.՝ Շահնազար) գյուղը Հայաստանի հնագույն, պատմական հարուստ անցյալով, մեծ ու շեն գյուղերից է: Ներկայումս գյուղի բնակչության թիվը կազմում է մոտ 5800 մարդ: Մշակութային հարուստ ժառանգության խոսուն վկաներն են բնակավայրի տարածքում և շրջակայքում գտնվող խոնարհված եկեղեցիների ու մատուռների պահպանված մասերը, միջնադարյան բնակատեղիները, գերեզմանոցները: Գյուղն իր Շահնազար անունը ստացել է ի պատիվ Մելիք-Շահնազարի, որի ամառանոցն է եղել մինչև XIX դարի սկիզբը:

Գյուղի կենտրոնական հատվածում է գտնվում Սբ. Գևորգ եկեղեցին: Այն ուղղանկյուն մեծ դահլիճ է՝ առանց խորանի (24 × 10 չափերով): Ծածկը եղել է փայտաշեն, առանց միջանկյալ հենարանների, ունեցել է երկթեք կտուր: Մեր ժամանակներ է հասել կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և մասամբ խարխլված: Պատերը շարված են սրբատաշ քարերով: Արևելյան պատին արված է հյուսվածքազարդերով եզերված վարդաքանդակ: Հորինվածքային, հարդարանքի և կառուցման ոճի առանձնահատկություններից ելնելով` եկեղեցին համարվում է ուշ միջնադարյան ժամանակաշրջանի կառույց: Հարավային պատի ստորին հատվածի մի մեծ քարի վրա կա վրացերեն արձանագրություն, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն ավելի վաղ շրջանի գործ է: Հավանաբար եկեղեցու կառուցման ժամանակ օգտագործել են ավելի վաղ շրջանի շինության քարեր: Այդպիսի ենթադրության համար հիմք է տալիս այն հանգամանքը, որ հարավային անկյան ստորին մասի շարվածքում դրվել է զույգ խաչքարերի պատվանդանի քար:

Եկեղեցին նորոգվել է 2012-2013թթ.-ին՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ և հովանավորների (Մելքոնյան ընտանիք) աջակցությամբ: Ներկայումս ունի բարեկարգ, հարդարված տեսք: Ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի` եկեղեցու բակում 2015թ. կանգնեցվել է խաչքար, որն ադրբեջանցիների կողմից ոչնչացված Ջուղայի գերեզմանատան խաչքարերից մեկի կրկնօրինակն է:

Օգտագործված գրականություն

1. Շախկյան Գ. , «Լոռի Պատմության քարակերտ էջերը» , Երևան, 1986