ԳԱՆՁԱՍԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՏՈՆԵԼ ՕԾՄԱՆ 777-ՐԴ ԱՄՅԱԿԸ

ԳԱՆՁԱՍԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՏՈՆԵԼ ՕԾՄԱՆ 777-ՐԴ ԱՄՅԱԿԸ

2017-02-06T14:41:32+00:00 16/11/2016|Լրահոս|

Հայ միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը՝ Գանձասարի վանական համալիրը, շուտով կտոնի օծման 777-րդ ամյակը։ Այդ խորհրդանշական տարեդարձին ընդառաջ` Արցախի թեմի նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք տոնական միջոցառումներ։ Օրերս իրականացվել է առաջին միջոցառումը։ Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի գլխավորությամբ Գանձասարի վանական համալիրում մատուցվել է Սուրբ պատարագ, ապա` վանքի արևելյան լանջին կազմակերպվել ծառատունկ։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի տարբեր անկյուններից հավաքված ուխտավորներ, «Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասիրաց եղբայրակցություն» կրոնական և «Զեփյուռ» բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գանձասարը դարեր շարունակ եղել է Արցախի ամենահայտնի հոգևոր կենտրոններից մեկը։ Հենց այդ խորհրդանշական վանքի կամարների տակ էլ Հայր Սահակը հորդորել է համավատարիմ մնալ քրիստոնեական դավանանքին, ինչպես 777 տարի առաջ, երբ հայ քրիստոնյան պատրաստ էր ցանկացած փորձության, միայն թե կանգուն պահեր հայոց եկեղեցին ու հավատը։ Սահակ վարդապետ Շաքարյանը հավատավոր ժողովրդին փոխանցել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունն ու բարեմաղթանքը։ Մատուցված պատարագից հետո վանքի արևելյան լանջին մասնակիցները տնկել են սալորենիներ, տանձենիներ և խնձորենիներ։ Հոգևոր հովվի համոզմամբ Գանձասարի օծման 777-րդ տարեդարձի սրբազան տոնակատարությանն ընդառաջ կազմակերպված ծառատունկը ևս աղոթքի մի ձև է։ Ծրագրի նպատակն է հայրենասիրության գաղափարի շուրջը համախմբել բոլոր հայորդիներին, հաղորդակից դարձնել նրանց մեր պատմամշակութային ժառանգությանը։ Ըստ Հայր Սահակի, մինչև Գանձասարի հոբելյանական օրը, կիրականացվեն վանական համալիրի նորոգման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև հրատարակչական լայնածավալ աշխատանքներ։Արդեն սկսվել են համալիրի գերեզմանատան մաքրման, ցանկապատման աշխատանքները։