ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ․ ԴԱԴԻՎԱՆՔ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ․ ԴԱԴԻՎԱՆՔ

2017-02-02T14:50:03+00:00 27/01/2017|Լրահոս|

Այնտեղ, որտեղ թեք բլրակով մերձենում են Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաները, կա ոչ ընդարձակ մի լեռնահովիտ։ Հենց այդ փոքրիկ, բայց չափազանց գեղեցիկ բլրակի վրա է կառուցված հայական ճարտարապետության հրաշալի կոթողներից մեկը՝ Դադիվանքը կամ Խութավանքը։

Իսկապես բնությունն այստեղ շատ շռայլ է։ Նկատելի է, որ Դադիվանքը կառուցողները մեծ սիրով ու հոգատարությամբ են վերաբերվել շրջակա բնությանը։ Բազմաթիվ շենքերն այնպես են տեղադրված բլրի լանջին, որ դարձել են ամբողջ տեղանքապատկերի մի մասը։ Դադիվանքի հուշարձանախումբն ամբողջությամբ ձուլված է բնությանը և դարձել է նրա անբաժան մասը։ Վանական այս համալիրը շատ տպավորիչ է և մի տեսակ շունչ ու կենդանություն է տալիս լեռների արանքում սեղմված ձորակին։

«Դադի» և «Խութա» անունների ստուգաբանությունը մեր մատենագրության մեջ տրվում է երկու կերպ, մեկը՝ կապված հայոց ավանդության հետ, մյուսը՝ տեղանքի։

Առաջինը կապված է Ս․ Թադեոս առաքյալի յոթանասուն աշակերտներից մեկի՝ Դադիի կամ Դադոյի անվան հետ, որն Արցախում քրիստոնեություն էր քարոզել և այստեղ էլ նահատակվել։ Այդ քարոզչի գերեզմանի վրա էլ վաղ միջնադարում կառուցվել է համալիրի առաջին սրբարանը։

Իսկ ինչ վերաբերում է «Խութա» անվանը, ապա «խութը» նույնն է, ինչ գրական հայերենով «բլուրը»։ Ուրեմն «Խութավանք» բառացի նշանակում է բլրի վրա գտնվող։

Հայաստանի միջնադարյան պատմաճարտարապետական խոշոր ու ընդարձակ այս հուշարձանախումբն ազգային պատմության ու մշակույթի նշանակալից օջախներից մեկն է եղել։ Այսօր էլ դժվար չէ տեսնել վանքի շինությունները, որոնք հիմնականում պահպանվել են և հիմք են տալիս որոշակիորեն նշելու, որ այստեղ դարեր շարունակ մեծաթիվ միաբանության ուխտ է եղել և ոչ թե սովորական եպիսկոպոսանիստ։

Վանքը ժամանակին կողոպտել են պարսիկները, ապա` արաբները, այնուհետև` սելջուկները, իսկ հետագայում՝ օսմանյան թուրքերը և կրկին պարսիկները։ Ավելին, անցնելով դարերի փորձությունների միջով, վանքը, XVII դարից սկսած, աստիճանաբար զրկվել է հարստություններից և, որ ամենաողբերգականն է, շրջակա տասնյակ հայկական գյուղերից, նույնիսկ սպասարկողներից։ Այդ է պատճառը, որ արդեն XIX դարի կեսերին անբնակ ու խարխուլ է եղել Դադիվանքը։

Դադիվանքը իր շենքերի ու շինությունների բազմազանությամբ, եկեղեցական և աշխարհիկ մոտիվներով արված անչափ նուրբ խորաքանդակների, բարձրաքանդակների և վիմագրերի առատությամբ բացառիկ է և ուշագրավ։
Վանական համալիրը գրեթե բաժանված է երկու մասի՝ պարսպից ներս գտնվող հիմնական և պարսպից դուրս գտնվող հարավային՝ լրացուցիչ շինությունների։ Դրանց թվում են համալիրի հյուսիսային կողմում, զառիթափին փռված հնագույն բազիլիկ եկեղեցին, մեկ այլ՝ դարձյալ շատ հին, բայց ավելի նեղ ու կարճ եկեղեցին, որպես յուրահատուկ կառույց աչքի ընկնող գավիթ-ժամատունը, վանական համալիրի մեջ որպես հոյակապ հուշարձան առանձնացող Արջու-Խաթունի կաթողիկե եկեղեցին, համալիրի արևմտյան մասում, դարպասի դիմաց գտնվող զանգակատունը, աղյուսաշեն գմբեթով և քանդված վեղարով Հասան Մեծի եկեղեցին, դրան մոտ դարձյալ մի ժամատուն, որը երեք դահլիճ ունի։

Դադիվանքի հյուրանոցը, գործատունը, գրատունը, հնձանը, ձիթհանը, սրբատունը, միաբանական խցերը և մի շարք այլ շենքեր տեղադրված են հարավային «թաղամասի» զանազան կետերում, որոնց շրջակայքում նկատելի են դամբարանաբլուրներ, հին ու ավերված շենքերի հետքեր։ Բացի դրանից, երեք փոքր մատուռներ գտնվում են վանքի պարիսպներից դուրս, մոտակա բլուրների վրա։

Ժամանակին վանական համալիրի հարավային ամբողջ տարածքում, մինչև Թարթառ գետի ափը, սփռված էին վանքապատկան այգիները, որոնց մեծ մասն այժմ խառնվել է դարավոր անտառի հետ։

Դադիվանքի խոշոր համակառույցը, ամենայն վստահությամբ, կարելի է համարել ճարտարապետական մի ինքնատիպ դպրոց, որտեղ ընդհանրացված են հայկական բազմադարյան ճարտարապետության լավագույն ավանդույթները։