ԲԱՑՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՆՈՐ՝ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՏԱՃԱՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

ԲԱՑՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՆՈՐ՝ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՏԱՃԱՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

2012-04-20T13:51:59+00:00 20/04/2012|Լրահոս|

Երեկ՝ հուշարձանների պահպանության միջազգային օրը, բացվեց «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի նոր՝ մշտական ցուցադրությունը, տրվեց նաեւ գիշերային լուսավորության եւ հնչեղության համակարգի մեկնարկը։ Տաճարի վրա լույսերը սփռվում են չորս աշտարակներից։ «Զվարթնոցի» գիշերային լուսավորությունը եւս մշտական կլինի։ Հուշարձանը լուսավորվում է բացառապես սպիտակ գույնի լույսով: Մինչ օրս պատմամշակութային արգելոց-թանգարաններից գեղարվեստական լույսերով լուսավորվել է Գառնիի հեթանոսական տաճարը /2009 թ. /՝ հնարավորություն տալով տաճարը ձայնի ու լույսի խորհրդում ընկալել յուրովի։ Լուսավորության բացման արարողությանը ելույթ ունեցավ «Հովեր» կամերային երգչախումբը:

«Զվարթնոց» արգելոց-թանգարանի նոր ցուցադրության եւ գիշերային լուսավորության բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանում, ծանոթացել նոր ցուցանմուշներին։

Ի դեպ, թանգարանում առաջին անգամ ցուցադրության է ներկայացվել 177 իր։ Դրանք բոլորն էլ բնօրինակներ են եւ, որ ամենկարեւորն է, այն չափագրություններն ու հատակագծերը, որոնք արվել են Զվարթնոցը երկրորդ անգամ ազգին նվիրող Թորոս Թորամանյանի կողմից: Ցուցադրությունը բաղկացած է հնագիտական, պատմական և աղբյուրագիտական, ճարտարապետական բաժիններից, ներկայացվել են VII–XIII դդ. հայ պատմիչների արժեքավոր վկայությունները «Զվարթնոց» տաճարի մասին, տարբեր տարիներին հուշահամալիրի տարածքում կատարված պեղումների մասին պատմող բացառիկ փաստավավերագրական նյութեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արժեքավոր աշխատություններ, մենագրություններ։

Մշտական ցուցադրության նպատակն է վեր հանել ու հասարակությանը ներկայացնել այդ ինքնատիպ պատմամշակութային երևույթի ի հայտ գալու պատմական նախադրյալները, «Զվարթնոց» համալիրի բոլոր կառույցներն ու հարակից շինությունները, դրանք մատուցել որպես հայկական ճարտարապետական մտքի յուրատեսակ խիզախում, գեղարվեստական պատկերացումների ներդաշնակ դրսևորում:

2012-ը «Զվարթնոցի» համար նշանակալի տարի է։ Լրանում են արգելոց-թանգարանի հիմնադրման 75-ամյակը եւ «Զվարթնոց» տաճարի օծման 1360-ամյակը։ Տաճարը Զվարթնոց է անվանել յոթերորդ դարի պատմիչ Սեբեոսը։ Ըստ ավանդույթի, տաճարի կառուցման համար Ներսես կաթողիկոսը ընտրել է այն վայրը, որտեղ Տրդատ Գ թագավորն ընդառաջ է եկել սուրբ Գրիգոր Լուսավորչին ու տաճարը կառուցել «հանուն երկնային Զվարթունների» երկնային զորքերի բազմության, որոնք երեւացել էին սուրբ Գրիգորին։
Հիշեցնենք, որ համաշխարհային ժառանգության ցուցակում համաշխարհային համարում ունեցող շատ հնավայրերի թվում են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Էջմիածնի Մայր Տաճարը, նաեւ՝ 2000 թ.-ից նաեւ «Զվարթնոց» հնավայրը: