ՀԱՅ ԿԻՆՆ ՈՒ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

ՀԱՅ ԿԻՆՆ ՈՒ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

2017-03-09T17:49:37+00:00 09/03/2017|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում այսօր
կազմակերպված «Կանանց դերը պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման գործում» խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր կանանց միջազգային օրվան: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սեյրան Առաքելյանն իր շնորհավորական խոսքում նշել է կազմակերպության գործունեության ընթացքում կնոջ ունեցած կարևոր դերակատարման մասին ու գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մաղթել մշտապես գնահատված լինել։

«Միջնադարյան հայ մշակույթի գրեթե բոլոր ճյուղերում իր անգնահատելի ներդրումը, նաև անմիջական, անփոխարինելի մասնակցությունն է ունեցել հայուհին: Պատմագրության մեջ, վիմագիր արձանագրություններում, արվեստի ու գրական ստեղծագործություններում պահպանված պատմական հարուստ վկայությունները փաստում են հայուհու նկատմամբ ազատական վերաբերմունքը և նրա անկաշկանդ ու լիարժեք մասնակցությունը միջնադարի մշակութային կյանքին` անկախ ծագումից ու զբաղմունքից»,- կանանց տոնին նվիրված միջոցառումն այսպիսի խորհրդանշական զեկույցով է իմասատավորել ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի գիտաշխատող Ավետիք Ղազարյանը։ Նա միջնադարյան երևելի հայուհիներին նվիրված իր զեկույցում անդրադարձել է միջնադարյան մշակույթի վերելքին ու զարգացմանը, այդ գործում ունեցած հայ կնոջ անգնահատելի դերակատարմանը։

ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը թերթել է պատմության էջերը և միջնադարից հասել հեթանոսություն. «Հայկական լեռնաշխարհի հնագույն շրջանից հայտնի է երկու կնոջ անուն, որոնց մասին հիշատակությունները պահպանվել են ուրարտական սեպագիր արձանագրություններում. առաջինը Մենուայի դուստ Թարիրիան է, որին նվիրված խաղողի այգի է տնկել Մենուան և նվիրել դստերը (այգին կոչվել է Թարիրիախինիլի), երկրորդ անունը վերջերս է գտնվել՝ Վանից քիչ հեռու գտնվող Այանիս բնակավայրի պեղումների ժամանակ, աշխարհիկ տեքստերից մեկում հիշատակվում է Հակուլի անվամբ կնոջ մասին։ Այս երկուսն էլ աշխարհիկ կանայք են, որոնց անունները պահպանվել են սեպագիր տեքստերում»։

Միջոցառմանը ներկա են եղել հուշարձանների պահպանության ոլորտում ներդրում ունեցած կանայք, ՊՈԱԿ-ի հանձնաժողովների, գիտամեթոդական խորհրդի և համակարգի կին աշխատակիցները։ Այն ուղեկցվել է անցյալ դարի կեսերից մինչև մեր օրերը հուշարձանների պահպանման, ուսումնասիրման գործում ակտիվ մասնակցություն ունեցած կին գործիչների և համակարգի կին աշխատակիցների աշխատանքային լուսանկարների ցուցադրությամբ` լուսապատկերային եղանակով, ներկայացվել են նաև ՊՈԱԿ-ի կին աշխատակիցների հեղինակած գրքերը: