ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԸ ՔԱՐԱՑԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾԵՑ ԿԵՆԴԱՆԻ ԵՐԳԻ

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԸ ՔԱՐԱՑԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾԵՑ ԿԵՆԴԱՆԻ ԵՐԳԻ

Մարտի 18-ը հայկական ճարտարապետության պատմության էջերը նշանավորել է փայլուն անհատի ծննդով, ով կյանքի շուրջ 30 տարիները նվիրաբերեց հայրենի երկրի ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը։ Անգնահատելի է հայ ճարտարապետության հետազոտող, անմնացորդ նվիրյալ Թորոս Թորամանյանի դերը Զվարթնոց տաճարի պեղումների և հետագա գիտական ուսումնասիրություների գործում։ Նրա հմուտ և խորաթափանց հետազոտությունների շնորհիվ էր նաև, որ Զվարթնոցը վերակենդանացավ ու վեր խոյացավ ավերակներից։

Թորոս Թորամանյանի արխիվի զգալի մասը` չափագրություններ, ձեռագրեր, լուսանկարներ, նամակներ, գծանկարներ, գծագրեր և այլն պահվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում: Հայ ճարտարապետության ուսումնասիրության անխոնջ նվիրյալն ըստ արժանվույն ներկայացված է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրատարակել է Թորոս Թորամանյանի «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ», «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը», «Անիի Մայր Տաճարը» և «Անիի Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցին» պրակները: Առաջիկայում ընթերցողի դատին կհանձնվի նաև Թորոս Թորամանյան. «Անիի միջնաբերդի հուշարձանները» պրակը:

«Բյուզանդիան ունի աշխարհահռչակ մի Սբ. Սոֆիա, իսկ Հայաստանը նորա դեմ կանգներ է մի Զվարթնոց, որը բարձր գլուխ կպարզի իբրև ճարտարապետական գոհար բոլոր բյուզանդական շինություններու մեջ»,- այսպես է Թորոս Թորամանյանը գնահատել Զվարթնոց տաճարը:

Հայ ճարտարապետության բազմավաստակ հետազոտող, ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր կյանքի շուրջ 30 տարիները նվիրաբերել է հայրենի երկրի ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը և մի շարք աչքի ընկնող հետազոտություններով դրել հայ ճարտարապետության պատմության գիտական մշակման հիմքը:

«Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է,-իր հուշերում գրել է հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը,-ապա Թորոս ճարտարապետը այդ քարացածը վերածել է կենդանի երգի: Նա մեր հոյակապ ավերակների և հուշարձանների նույնքան հոյակապ երգիչն է»:

Թորոս Թորամանյանը ծնվել է 1864 թ-ին Շապին Գարահիսարում (Թուրքիա), հողագործի ընտանիքում: Ծնողներից զրկվում է մանկության տարիներին և 1884 թ-ին՝ բարեկամների օժանդակությամբ, մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ միայն չորս տարի անց է կարողանում ընդունվել Գեղարվեստի վարժարանի ճարտարապետության բաժինը:

Թորամանյանը խորապես հետաքրքրված էր արվեստի ու ճարտարապետության պատմության հարցերով, այդ է պատճառը, որ նա չէր կարող բավարարվել միայն պրակտիկ գործունեությամբ: Նպատակ ունենալով ավելի հմտանալ ճարտարապետական արվեստի մեջ, նա ձեռնարկում է մի շարք ճանապարհորդություններ Եգիպտոս, ապա՝ Փարիզ՝ արվեստի ու ճարտարապետության պատմության դասախոսություններ լսելու:

Թորոս Թորամանյանի գիտական գործունեությունը սկսվում է 1903 թ-ից, երբ Փարիզից գալիս է Հայաստան՝ նպատակ ունենալով զբաղվել հայրենի երկրի ճարտարապետության ուսումնասիրությամբ: «Ուխտեցի մնալ այնտեղ,-գրում է Թորամանյանը,-աշխատել, տքնել… մեր ժողովրդի հանճարի չնաշխարհիկ բեկորները փլատակներու և գերեզմանական տխուր հողակույտերուն տակեն ազատել և ցույց տալ ամբողջ գիտական աշխարհին»:

«Ապրելով ցուրտ, չտաքացվող և մինչև ծնկները անձրևաջրով լցված սենյակում,- մի առիթով պատմում է Նիկողայոս Մառը,-Թորոս Թորամանյանը հասավ ծայր աղքատության, նա օրերով քաղցի էր մատնված, ծածկված էր ցնցոտիներով»: Բայց Թ. Թորամանյանն այն գիտնականներից չէր, որ վախենար նման դժվարություններից: Բացառիկ նվիրվածությունը, աննկուն կամքը և հայրենի երկրի մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու անսահման ձգտումը նրան մղում էին հաղթահարելու բոլոր դժվարությունները, երբեմն-երբեմն առաջացած վհատության տրամադրությունները:

Զվարթնոց տաճարում Թ. Թորամանյանը սկսել է աշխատել 1904 թ-ից, երբ այնտեղ արդեն պեղումներ էր սկսել Խաչիկ վարդապետ Դադյանը: Թորամանյանը, մասնակցելով Զվարթնոցի պեղման աշխատանքներին, անգնահատելի ծառայություն է մատուցել գիտությանը, կորստից փրկելով նշանավոր հուշարձանի մնացորդները: Զվարթնոցը ավերակների միջից վերակենդանացավ ու վեր խոյացավ Թորամանյանի հմուտ և խորաթափանց հետազոտությունների շնորհիվ: Թորամանյանի անունն իսկապես կարելի է համարձակորեն դնել այն տաղանդավոր ճարտարապետների ու վարպետների, մեզ համար անհայտ այն պայծառ անունների շարքում, ովքեր VII դարում կերտել են հայ ճարտարապետության այդ բարձրարվեստ հուշարձանը:

«Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց, և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը՝ դարապատում ուսուցիչներ…»,-վստահ էր Թորոս Թորամանյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինարարական ծրագրերի տնօրեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, ճարտարագիտության դոցենտ, 1987-2003 թվականներին Զվարթնոց տաճարի վերականգնող ճարտարապետ Գրիգոր Նալբանդյանի խոսքերով ասած վերականգնող ճարտարապետները, այսպես թե այնպես, շատ են առնչվում գիտական հետազոտություններին, իսկ հայկական ճարտարապետության ուսումնասիրման գիտական ուղղության հիմնադիր Թորոս Թորամանյանի աշխատություններն այդ առումով ուսանելի և անփոխարինելի են: «Ուսանելով Եվրոպայում՝ նա Հայաստան բերեց հիմնականում այնտեղ մշակված գիտական սկզբունքները, սակայն հուշարձանների տեսական վերակազմությունների վերաբերյալ նրա ոչ բոլոր արդյունքները միանշանակ ընդունվեցին. տարակարծությունները հատկապես Զվարթնոց տաճարի ուսումնասիրությունների շուրջ էին: Հետագայում կյանքը ցույց տվեց, հատկապես Անիում Ն. Մառի արշավախմբի պեղումներից հետո, թե որքան ճշգրիտ էին Թորամանյանի հայեցակարգային մոտեցումները. նկատի ունեմ այն, որ երբ Անիում հայտնաբերվեց Գագիկ թագավորի քարե արձանը՝ ձեռքին Սուրբ Գրիգոր տաճարի մանրակերտը, դրանից պարզ դարձավ, որ Գագիկ թագավորը X դարում Գագկաշենը կառուցելիս կրկնօրինակել է VII դարում կառուցված Զվարթնոցի Սուրբ Գրիգոր տաճարի հորինվածքը: Դա էլ հաստատեց Թորոս Թորամանյանի գաղափարների գիտականորեն, բայց ժամանակին երևակայական թվացող, հիմնավորվածությունը, այսինքն՝ Զվարթնոց տաճարի բոլորաձև, եռահարկ հորինվածքը, այստեղից էլ առաջացավ «զվարթնոցատիպ եկեղեցիներ» հորինվածքային տիպ հասկացությունը»,-ասում է Գրիգոր Նալբանդյանը:

Թորամանյանի գիտական մկրտությունը նշանավորող այս անդրանիկ աշխատանքը՝ Զվարթնոցի վերակազմության նախագիծը, թեև ոմանց կողմից տարակուսանքով ու թերահավատությամբ է ընդունվել, սակայն Թորամանյանին ընկճելը դժվար էր: 1906 թ-ին, երբ բացվում են Անիի Ս. Գրիգոր (Գագկաշեն) տաճարի մնացորդները, իսպառ փարատվում են տարակուսանքները և մեծապես բարձրանում է Թորամանյանի հեղինակությունը: Թորամանյանի համար մեծ նշանակություն է ունենում Նիկողայոս Մառի հետ ծանոթանալը, որը բարձր գնահատելով Թորամանյանի արժանիքները, աշխատանքային բարենպաստ պայմաններ է ստեղծում նրա համար:

1905 թվականից սկսած Թորամանյանը մամուլում պարբերաբար հանդես է գալիս հայրենի երկրի հնությունների վերաբերյալ բազմաթիվ նամակներով ու հոդվածներով: Նրան հաջողվում է հրատարակել նաև առանձին աշխատություններ: Դրանցից հիշատակելի է հատկապես «Տեկտորի տաճարը» մենագրությունը: Նրա գիտական ուսումնասիրություններից են «Շինանյութերն ու նրանց գործածության կերպը հին Հայաստանում», «Գեղարդաձորում կատարածս պեղումների տեղեկագիրը», «Խորհրդային իշխանությունը և մեր պատմական հուշարձանները», «Ակնարկ հայ հին ճարտարապետության վրա» և այլն: Ցավոք նրան այդպես էլ չի հաջողվում ավարտել «Նյութեր հայ ճարտարապետության պատմության» մեծածավալ աշխատությունը:

Նախախորհրդային շրջանում նա ոչ միայն խոշոր աշխատանք է կատարել հայ ժողովրդի ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և գիտական արժեվորման ուղղությամբ, այլև զբաղվել է առաջավոր հայ մտավորականության և գիտական լայն շրջաններում այդ ժառանգության քարոզչությամբ:

Ըստ Գրիգոր Նալբանդյանի՝ հայկական շատ հուշարձաններ, գտնվելով ներկայիս Թուրքիայի տարածքում, հայ մասնագետների ուսումնասիրության համար համարյա անհասանելի են, ուստի վերականգնող ճարտարապետների համար Թ. Թորամանյանի նյութը դառնում է այն գիտական հենքը, առանց որի անհնար է կողմնորոշվել, անգամ հուշարձանը տեղում տեսնելուց հետո: «Թորամանյանը մանրազնին անդրադառնում է արձանագրություններին, չափագրական ու ոճական, պատմական ու մշակութային հարցերին, անգամ քարի շարվածքին ու շինարարական տեխնոլոգիաներին: Նրա վերլուծությունները նորություն էին հայկական ճարտարագիտության մեջ, նրա կատարած գործը մինչև այժմ գնահատվում է որպես այդ ծավալի գիտական նյութի անգերազանցելի աշխատանք: Թորամանյանի Զվարթնոցում կատարած աշխատանքը ոչ միայն գիտական, այլև ճանաչողական, պատմական նշանակություն ունի, դա մշակութային խոշոր երևույթ է: Իսկ թանգարանի ստեղծման գործում, որտեղ այսօր բավականին հաջող ներկայացված է Թորամանյանի նորացված ցուցադրությունը, իրենց լուման ունեն հուշարձանի բոլոր հետազոտողները՝ վերականգնողից մինչև շինարար: Թանգարանը լավագույն հնարավորությունններից մեկն է ծանոթանալու Թորամանյանի ժառանգությանը»,-ավելացնում է Գ. Նալբանդյանը:

Թորամանյանը վճռականորեն հանդես է եկել օտարազգի այն գիտնականների դեմ, ովքեր փորձում էին հայ ճարտարապետության առաջացման նախադրյալները կտրել հայրենի հողից ու ժողովրդից և այն դիտել, որպես բյուզանդական կամ այլ երկրների ճարտարապետության անքակտելի մաս: Հատկանշական է, որ այս հարցում Թորամանյանի գիտական հայացքները ոչ միայն հեղաշրջող նշանակություն են ունեցել հայկական ճարտարագիտության մեջ, այլև փոխել են եվրոպացի մի շարք արվեստագետների և գիտանկանների ունեցած սխալ կարծիքները:

Թորամանյանի ամբողջ գիտական ժառանգության մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում Հայաստանի V-VII դարերի ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությունը: Առաջավոր գիտնական լինելուց բացի Թորամանյանը նաև հասարակության ակտիվ անդամ էր, մեծ հայրենասեր և առաջադեմ մտավորական:

Թորոս Թորամանյանի մահից մեկ ամիս առաջ՝ 1934 թ-ի փետրվարին, նշվել է նրա գիտական գործունեության 30 ամյակը և շնորհվել գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը:

«Մեր ճարտարապետները բանաստեղծներ են, որոնք իրենց կառուցածները միշտ կապում են հին, գեղեցիկ տեսարանների հետ» – Թորոս Թորամանյան: